11:12  ,  1 փետրվարի, 2022

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ․ Պետությունը ոչնչով չի աջակցում

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը եւ առհասարակ պետությունը ոչնչով չի աջակցում մուայթայի ֆեդերացիային: Անձնական մեքենաս եմ հանել վաճառքի, որ փետրվարին Թուրքիայում մասնակցենք Եվրոպայի առաջնությանը: Պետական որեւէ աջակցություն չունենք, ասում են՝ իրավասություն չունեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը:

Փետրվարի 13-21-ը Ստամբուլում տեղի է ունենալու մուայթայի ավագ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է 4 մարզիկով: Ֆեդերացիայի նախագահը 2021 թվականից դիմում է ԿԳՄՍ նախարարությանը պետական ֆինանսավորում ստանալու համար, բայց դեռեւս միայն գրավոր եւ բանավոր մերժումներ է ստանում: Ֆեդերացիան կանգնած է ֆինանսական խնդրի առաջ, քանի որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար գումար չկա:

Պարոն Բրուտյան, ի՞նչ խնդիր կա ԿԳՄՍ նախարարության հետ:

2021 թվականին մուայթայն ընդգրկվեց Միջազգային օլիմպիական կոմիտե եւ ճանաչվեց որպես օլիմպիական մարզաձեւ: Այդ օրվանից բազմիցս հանդիպել եմ Կարեն Գիլոյանին՝մուայթային պետական բյուջե տրամադրելու հարցով: Նա ամեն անգամ ինձ խոստացել է, որ հարցը կդրվի նիստի, կքննարկվի 2022-ին բյուջե տրամադրելու համար: Գարնանն ասացին ամռանն է լինելու, ամռանն ասացին աշնանը եւ այդպես էլ ոչինչ չեղավ: Ես գրավոր որեւէ պատասխան չստացա՝ եղե՞լ է նիստ, թե ոչ, քննարկվե՞լ է մեր մարզաձեւը պետբյուջեի ծրագիր մտցնելու հարցը: Միայն բանավոր ասացին, որ մերժվել է եւ 2022-ին որեւէ ֆինանսավորում չենք ստանալու պետության կողմից:

Հայաստանում մուայթայի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը մենք ենք, որին ճանաչում է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Որպես մարզազձեւի պաշտոնական ֆեդերացիա, ԿԳՄՍ-ն եւս մեզ է ճանաչում:

2021 թվականին Կազան քաղաքում անցկացված առաջին ԱՊՀ խաղերի ծրագրում մուայթայն ընդգրկված էր եւ Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ: 2022 թվականին մարզաձեւն ընդգրկված է նաեւ Եվրոպական ուսանողական խաղերի ծրագրում, 2023 թվականին մասնակցելու ենք Եվրոպական երրորդ խաղերին: Այսինքն՝ մարզաձեւն արդեն այսքան մասսայականություն է վայելում եւ մեկ քայլ է մնացել, որ ընդգրկվի օլիմպիական ծրագիր:

ՀԱՕԿ-ը տեղեկանք է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարարին,  որ իրենք, ի դեմս մեզ, ճանաչում են Հայաստանի մուայթայի ֆեդերացիան: Այսքանից հետո մենք փորձում ենք արդեն կարգավիճակ ստացած մարզաձեւ, ստանալ պետական աջակցություն, չգտիտեմ՝ ինչն է խնդիրը, մերժում են:

Սկսենք ամենասկզբից. ե՞րբ է հիմնադրվել մուայթայի ֆեդերացիան:

2010 թվականից է մուայթայը գործում Հայաստանում: Սկզբում ակումբի տեսքով էինք ներկայանում 10 մարզիկով, հետո տարիների ընթացքում մարզաձեւը սկսեց մասսայականություն վայելել:  2012 թվականին ֆեդերացիա հիմնեցինք, միջազգային ֆեդերացիայի կազմում ընդգրկվեցինք, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին սկսեցինք մասնակցել, արդյունքներ ցույց տալ, միջազգային մրցաշարեր եւ այլն: Այդպես մինչեւ 2021 թվականը, երբ մուայթայն ընդգրկվեց ՄՕԿ-ի կազմ: Այս տարիների ընթացքում մենք մեծ հաջողություններ ենք ունեցել, բայց երբեք պետական աջակցություն չենք ստացել, ոչ մի անգամ պետությունը մեզ չի օգնել, ամեն ինչ արել ենք մեր, մարզիչների միջոցներով, մեր ընկերների, հովանավորների օգնությամբ: Միշտ շատ դժվարությամբ ենք կարողացել ֆինանսավորման հարցերը լուծել: 2015 թվականին մի հովանավոր կար, որը խոստացել էր ֆինանսավորել մեր մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, բայց վերջին պահին չֆինանսավորեց, ստիպված, իմ անձնական մեքենան վաճառեցի, որ կարողանայինք գնալ: Այդ տարի Գոռ Նազարյանը Թուրքիայում դարձավ մրցաշարի հաղթող: Ու կրկին պետությունը ոչնչով մեզ չի աջակցել:

Իսկ այդ ընթացքում դիմե՞լ եք պետական աջակցության համար, ինչո՞ւ մինչ այս չէիք բարձրաձայնում ֆինանսավորման, բյուջե ստանալու հարցը:

Որովհետեւ մուայթայ կարգավիճակ չուներ. օլիմպիական մարզաձեւ չէր: Այժմ ամեն ինչ այլ է: Երբ մուայթայը դարձավ օլիմպիական, պարբերաբար հանդիպումներ ունեցա նախարարության տարբեր վարչությունների պետերի հետ: Ինձ այս սենյակից այն սենյակ են ուղարկում, այս վարչության պետից այն վարչության պետի մոտ: Մամուլի ասուլիս եղավ, որի ընթացում դիմեցի նաեւ անձամբ Վահրամ Դումանյանին: Ներկայացրեցի մեր մարզաձեւը եւ խնդրեցի իր իրավասության սահմաններում մեր ֆեդերացիային պետական ֆինանսավորում տալ: Նախարարը խոստացավ, որ կլինի, բայց չեղավ:  Մենք ունենք բոլոր իրավունքները պետական ֆինանսավորման ծրագրի մեջ մտնելու համար:

Փետրվարին Ստամբուլում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը: Դիմել ենք նախարարությանը, մասնավորապես Կարեն Գիլոյանին, որպեսզի գոնե որոշակի ֆինանսավորում ստանանք Եվրոպայի առաջնության համար: Ինձ պատասխան նամակ է եկել հունվարի 26-ին, որ չեն կարող ֆինանսավորել, քանի որ ընգրկված չենք ծրագրում: Կարեն Գիլոյանն ինձ անձամբ ասել էր, որ եթե այնպես ստացվի՝ 2022 թվականին ֆեդերացիան պետական ֆինանսավորում չստանա, խոստանում է այնպես անել, որ գոնե մեկ միջազգային մրցաշար պետության հաշվին լինի կամ որոշ չափով օգնի: Եթե այս կարեւոր՝ Եվրոպայի առաջնությունը պետությունը չի օգնում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Մեր միջազգային մրցաշարերն այնպիսի երկրներում են, որ հնարավորություն կա թեկուզ ավտոմեքենայով գնալ: Մեզ համար կարեւորը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն են:

2022 թվականը մեր հավաքականի համար որոշիչ է լինելու, որպեսզի կարողանանք պատրաստվել հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական խաղերին: Շատ հնարավոր է, որ Փարիզի Օլիմպիական խաղերում մուայթայն ընդգրկվի, իսկ մենք նախապես պետք է պատրաստ լինենք, լավ կազմ ունենանք: Եթե պետական աջակցություն չստանանք, շատ ծանր կլինի մարզաձեւի համար: Այսօր կանգնած ենք փաստի առաջ, թե ինչպե՞ս, ի՞նչ գումարներով մասնակցենք Եվրոպայի առաջնությանը:

Գոնե խոստացված այդ մեկ մրցաշարը պետական ֆինանսավորմամբ լիներ: Այն ժամանակ, որ գնում էի նախարարություն, Նարինե Շահբազյանն ասում էր՝ դուք կարգավիճակ չունեք, նախարարությունն իրավասություն չունի ձեզ ֆինանսավորի: Այժմ ունենք, իսկ այսօր մեզ կրկին պատասխանում են, որ մերժում են նույնիսկ Եվրոպայի առաջնության ֆինանսավորումը:

Նշեցիք, որ Կազանում անցկացված առաջին ԱՊՀ երկրների խաղերին մասնակցել եք 7 հոգանոց կազմով: Ի՞նչ միջոցներով եք մասնակցել:

Մեր անձնական միջոցներով: Ամեն անգամ ես չեմ կարող այս ու այն կողմ ընկնել, գումար հայթայթել: Մենք չենք ֆինանսավորվել, այնպես, ինչպես մյուս մասնակցող մարզաձեւերը: Ինձ ասում են՝ ես ստում եմ, որ մյուս մարզաձեւերը պետական ֆինանսավորմամբ են մեկնել Կազան: Ինձ կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրե. բնական է, որ յուրաքանչյուր ֆեդերացիա ինքն է լուծել իր մասնակցության հարցը՝ ավիատոմսեր, հյուրանոց, բայց այդ գումարները նրանք որտեղի՞ց են հատկացրել... չէ՞ որ յուրաքանչյուրն իր տարեկան բյուջեի հաշվին է գնացել Կազան: Իսկ դա չի՞ ստացվում պետական միջոցներով:  Վստահ՝ որեւէ ֆեդերացիայի նախագահ կամ գլխավոր մարզիչ գումար չի հայթայթել կամ իր անձնական միջոցները չի տրամարդել մարզիկին Կազան ուղարկելու համար:

ԱՊՀ խաղերի մարզահագուստի հարցն էլ խնդիր եղավ: Դիմեցի Կարեն Գիլոյանին, սկզբում ասաց, որ ոչնչով չի կարող օգնել, մարզահագուստ չունեն մեր մարզիկներին էլ տան, նախարարությունը խնդիր ունի այդ առումով: Մենք տոնավաճառներից 7 հոգանոց կազմի համար միանման, «Արմենիա» գրառումներով մարզահագուստ գնեցինք: Օրեր անց նախարարությունից զանգեցին եւ ասացին, որ մեզ տրամադրում են մարզահագուստ. դա էլ երեւի նրա համար, որ իմացել էին՝ գնել ենք ու որ պատվիրակությունից չտարբերվենք, 5 մարզահագուստ էլ մեզ տվեցին, երկու մարզիչ չստացան: Հիմա ինձ ասում են՝ տես, մենք ինչո՞վ ձեզ չենք օգնել, մարզահագուստ ենք տրամադրել: Ավելի լավ կլիներ որոշակի գումարով օգնեին, կամ տրանսպորտի հարցը լուծեին: Մինչ Կազան մեկնելը թող մեկ անգամ հետաքրքրվեին, թե մեր հավաքականն ինչ պայմաններում եւ որտեղ է մարզվում: Բոլոր թիմերը Օլիմպավանում կամ Ծաղկաձորի մարզաբազայում էին նախապատրաստական փուլն անցնում, իսկ մենք դիմեցինք եւ այնպիսի թիվ ասացին Օլիմպավանից, որ մեր ֆեդերացիան ի վիճակի չէր դա էլ հոգալ:

Արդեն հայտնի՞ է Եվրոպայի առաջնության կազմը եւ ինչպե՞ս եք լուծելու ֆինանսի հարցը: Ի՞նչ գումարի մասին է խոսքը:

Մասնակցելու են Միշա Կարապետյանը (51 կգ), Նարեկ Խաչիկյանը (57 կգ), Գոռ Նազարյանը (60 կգ) եւ Կարեն Մաթեւոսյանը (63,5 կգ): Ունենք նաեւ թիմ Արցախից: Այս բոլոր մարզիկները Հայաստանի չեմպիոններն են, իրենց քաշային կարգերում ֆավորիտներ: Օրինակ՝ Գոռ Նազարյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր:  Ստամբուլ մեկնելու համար յուրաքանչյուր մարզիկի մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է 1200 դոլարին համարժեք գումար: Մեզ այս պահին մեզ պետք է հայթայթել այս 4 մարզիկների գումարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս