15:25  ,  29 հունվարի, 2022

Նատալյա Ռոտենբերգ․ Մի քանի անգամ անցկացրել եմ London Cup-ը, շատ կարեւոր էր, որ այդ փորձը կիրառեմ Հայաստանում (ֆոտո, վիդեո)

Մեծ հույս ունեմ, որ գավաթը ֆեդերացիայի հետ մեր համագործակցության սկիզբն է, եւ մենք կկարողանանք Հայաստանում նոր «ստարտ» տալ օլիմպիական այս մարզաձեւին

Երեւանի «Արմենիա-Գազպրոմ» մարզահամալիրում հունվարի 29-ին մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթը, որին մասնակցում է 170 մարմնամարզուհի Երեւանից, Գյումրիից, Կապանից եւ Քաջարանից (տեսանյութ):

Երեւանում գեղարվեստական մարմնամարզության գավաթ անցկացնելու մտահղացումը նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգինն է, որը համագործակցելով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ, նախաձեռնել է մրցաշարի անցկացումը:

Գլխավոր մրցավարը գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն է:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կլինեն 2006-ից 2010 թվականների ծնված մարմնամարզուհիները:  Երկրորդ մրցումային օրը կմասնակցեն 2011-2014 թվականների ծնվածները:

Հունվարի 29-ին նախքան մրցումային ծրագրի մեկնարկը, տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Վահագն Դավթյանը, գեղարվեստական մարմնամարզության մարզիչներ: Նատալյա Ռոտենբերգի հրավերով Երեւանում անցկացվող մրցաշարի երկու մրցումային օրերին կհետեւի նաեւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, բալետմեյստեր, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի նախկին ղեկավար Արմեն Գրիգորյանը: 

Նատալյա Ռոտենբերգը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մրցաշարն անցկացնելու նպատակը Հայաստանում մարզաձեւի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է:

«Երեւանում մեծ մրցաշար անցկացնելու առաջարկն իմն է եղել: Դիմեցի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային, հանդիպում ունեցա նաեւ ԿԳՄՍ փոխնախարարի հետ, քննարկեցինք, պատմեցի իմ նպատակների մասին այս մարզաձեւում եւ եկանք հայտարարի, որ կարելի է կազմակերպել գավաթ:

Նշեմ, որ փետրվարի 16-17-ը տեղի է ունենալու գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Այս գավաթը մարզուհիների համար լավ հնարավորություն է մարզավիճակ ձեռք բերելու, մրցումային տոնուսի մեջ գնտվելու համար: Այս ընթացքում, երբ քննարկում էինք գավաթ անցկացնելու հարցը, ուսումնասիրեցինք մարզաձեւը, մասսայականացումը, հասկացանք, որ հայ մարզուհիներին ուղղակի անհրաժեշտ է տարվա մեջ ունենալ մի քանի ներքին մրցաշարեր, որոնք կնպաստեն միջազգային մրցաշարերում լավ ներկայանալուն:

Ես ունեմ մրցաշար անցկացնելու փորձ: Լոնդոնում մի քանի անգամ կազմակերպել եւ անցկացրել եմ «London Cup» եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ այդ փորձը կիրառեմ նաեւ Հայաստանում: Սա մի հարթակ է, որտեղ հայ մարզուհիները կփորձեն իրենց ուժը, կմրցեն միմյանց հետ, քանի որ, ինչպես հասկացա, գեղարվեստական մարմնամարզությունում մրցաշար, որպես այդպիսին, միայն Հայաստանի առաջնությունն է: Եթե հնարավորություն է լինում մասնակցել միջազգային մրցաշարերի, ապա շատ քիչ թվով մարզիկներ են այդ հնարավորությունը ստանում: Այսինքն՝ որպես այդպիսին մարզաձեւի զարգացման համար այլընտրանքային որեւէ մրցաշար, ծրագիր չկա: Մեծ հույս ունեմ, որ գավաթը ֆեդերացիայի հետ մեր համագործակցության սկիզբն է, եւ մենք կկարողանանք Հայաստանում նոր «ստարտ» տալ օլիմպիական այս մարզաձեւին: Հայաստանում անլուրջ վերաբերմունք կա գեղարվեստական մարմնամարզության նկատմամբ. չգիտես ինչու՝ այն ընկալվում է որպես աղջիկների ֆիթնես: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ վերաբերմունքը փոխվի եւ Հայաստանն էլ ունենա Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մասնակիցներ եւ մեդալակիրներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը:

Երկու մրցումային օրերի արդյունքներով կորոշվեն բոլոր տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակիրները, իսկ մեզ համար պարզ կլինի, թե իրականում ինչ խնդիրներ կան մարզաձեւում, ովքեր են թերանում իրենց աշխատանքում:

Պարզ է, որ հայկական գեղարվեստական մարմնամարզությունում պակասում է խորեոգրաֆիան: Ինձ հետ մարզուհիների ելույթներին կհետեւի նաեւ մասնագետը եւ կտա իր գնահատականը»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը: 

Բացման արարողությանը Երեւանի եւ մարզերի ներկայացուցիչները ելույթ ունեցան ցուցադրական համարներով, բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը, որը ողջունեց մրցաշարի կազմակերպման մտահաղացումն ու իրականացումը:

Ի դեպ, առաջին անգամ Հայաստանում անցկացվող ներքին մրցաշարն ունի մեծ թվով հովանավորներ: «Նատալյա Ռոտենբերգ» գավաթի բոլոր մասնակիցներն, անկախ արդյունքներից, կպարգեւատվրեն խրախուսական նվերներով, որոնք տրամադրել են մրցաշարի հովանավորները:

Մրցաշարը կտեւի մինչեւ հունվարի 30-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով