00:20  ,  28 հունվարի, 2022

Սերժ Դեբլեն միացավ «Փյունիկին»

«Փյունիկին» է միացել 32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա նախորդ թիմը Երևանի «Արարատն» էր։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում Դեբլեն մասնակցել է 14 հանդիպման, խփել նույնքան գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Դեբլեն իր կարիերան սկսել է «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ապա 2008 թվականին տեղափոխվել է անգլիական «Չարլթոն Ատլետիկ», որտեղից վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Անժեում» և «Նանտում»: 2012-ին պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, որի կազմում մի քանի ամիս հանդես գալուց հետո, վարձավճարով տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա»: 2013-2014 թվականների մրցաշրջանում Սերժ Դեբլեն հանդես է եկել Գյումրիի «Շիրակի» կազմում, որտեղ 26 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն: Հետագայում նա հանդես է եկել նաև դանիական «Վիբորգ», չինական «Մեյչժոու» և հոնկոնգյան R&F ակումբներում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Դեբլեն անցկացրել է 40 խաղ, դարձել է 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում