18:47  ,  26 հունվարի, 2022

Օբամեյանգն «Արսենալի» հետ չի մեկնել Դուբայ

Լոնդոնյան «Արսենալը» մեկնել է Դուբայ, որտեղ կանցկացնի մարզահավաք։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ ԱՄԷ չի մեկնել 32-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, հաղորդում է Goal.com-ը։

Այժմ Օբամեյանգը մարզվում է անհատական ծրագրով թիմից առանձին։ Դեկտեմբերին կարգապահական խախտումների համար Օբամեյանգը հեռացվել էր թիմից եւ զրկվել ավագի թեւկապից։ Այս ամիս նա վարակվել էր կորոնավիրուսով եւ սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության համար Կամերուն մեկնած Օբամեյանգը առողջական խնդիրների պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել եւ ժամանակից շուտ լքել էր Գաբոնի հավաքականի ճամբարը։ Լոնդոնում լրացուցիչ հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը առողջական խնդիրներ չունի։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում