12:17  ,  25 հունվարի, 2022

Մեսին կարճատեւ արձակուրդն անցկացնում է Բարսելոնայում, ընթրել է Չավիի եւ Բուսկետսի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարճատեւ արձակուրդն անցկացնում է Բարսելոնայում։ Հունվարի 24-ին նա նախկին ակումբակիցներ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի եւ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ ընթրել է Կատալոնիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, հաղորդում է OnzeTv3-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Մեսին մեկ ամսվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս էր եկել խաղադաշտ։ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում ՊՍԺ-ն 4։0 հաշվով հաղթել էր «Ռեյմսին»։ Մեսին դուրս էր եկել փոխարինման՝ անցկացնելով մոտ կես ժամ, դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Հունվարի սկզբին տարած կորոնավիրուսի պատճառով Մեսին մարզումները վերսկսել էր հունվարի 18-ին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած Արգենտինայի հավաքականը Մեսիին չի հրավիրել Չիլիի եւ Կոլումբիայի դեմ ընտրական խաղերին։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 31-ին՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ընդունելով «Նիցային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում