20:44  ,  24 հունվարի, 2022

Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյան. Հաջողության հասա մարզիչներիս եւ մայրիկիս օգնությամբ

Ուրախ եմ, որ գրավեցի առաջին տեղը եւ հնարավորություն ստացա ընդգրկվել Հայաստանի հավաքականում: Սա իմ առաջին չեմպիոնությունն է, շատ ոգեւորված եմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի 77-րդ առաջնության հաղթող Մարիամ Մկրտչյանը:

17-ամյա շախմատիստուհին Հայաստանի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: 2021 թվականի Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մարիա Գեւորգյանը 6 միավորով երրորդն է:

«Մրցաշարն, ընդհանուր առմամբ, ինձ համար հաջող ստացվեց: Վերջում կարողացա հավաքվել եւ լավ հանդես գալ: Ուրախ եմ, որ գրավեցի առաջին տեղը եւ հնարավորություն ստացա ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում:

Սա իմ առաջին չեմպիոնությունն է, շատ ոգեւորված եմ: Ցանկանում եմ շատ աշխատել եւ ավելի ուժեղանալ: Մինչեւ մրցաշարը լավ նախապատրաստական փուլ էի անցել: Մրցաշարում արդեն հանդես էի գալիս առաջին համարով: Այսինքն՝ իմ վարկանիշն ավելի բարձր էր, քան մրցակիցներինս:

Իրականում, մրցաշարը սկսեցի վատ, երկրորդ տուրից հետո նախավերջին տեղում էի: Կարողացա մայրիկիս եւ մարզիչներիս օգնությամբ հավաքվել եւ մրցաշարի մյուս մասը լավ հանդես գալ: Մայրիկս հոգեբանորեն շատ է օգնում, բայց շախմատի հետ կապ չունի: Բոլոր տուրերից հետո պարտիաները քննարկում էի մարզիչներիս հետ:

Հաջողության հասա մարզիչներիս եւ մայրիկիս օգնությամբ: Նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ գնալ առաջ: Դժվարությամբ կարողացա նախավերջին տեղից գալ առաջին տեղ: Միշտ նախամրցաշարային լարվածություն եմ ունենում, եւ այն ինձ շատ է խանգարում, թույլ չի տալիս ամբողջությամբ կենտրոնանալ խաղերի վրա: Մրցաշարերի ընթացքում է ինձ հաջողվում թուլացնել այդ լարվածությունը եւ կենտրոնանալ պարտիաների վրա:

Հայաստանի առաջնությանը մասնակցում էի չորրորդ անգամ: 17 տարեկան եմ, սովորում եմ Երեւանի 187 միջնակարգ դպրոցում: Շախմատով սկսել եմ զբացվել 8 տարեկանից: Շախմատի հետ առաջին անգամ ծանոթացել եմ դպրոցում: Առաջին մարզիչս եղել է դպրոցի ուսուցիչս՝ Սեւակ Բաղդասարյանը, ում հետ մենք 2014 թվականին դարձանք մինչեւ 10 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն: Նրանից հետո մարզիչներս եղել են Արարատ Սանթրյանը եւ Արտաշես Մինասյանը: Ներկայումս մարզվում եմ գրոսմայստեր Վահե Բաղդասարյանի հետ»,- ասաց Մարիամ Մկրտչյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում