19:36  ,  24 հունվարի, 2022

Մանուել Պետրոսյան. Լեւոն Արոնյանի հետ հավաքն օգնեց լավ մարզավիճակ ձեռք բերել եւ նվաճել չեմպիոնի կոչումը

Հայաստանի առաջնությունից առաջ Լեւոն Արոնյանի հետ Ծաղկաձորում ունեցա մարզումային հավաք, որն էլ ինձ օգնեց լավ մարզավիճակ ձեռք բերել եւ հաղթողի կոչումը նվաճել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-23-ն անցկացված Հայաստանի 82-րդ առաջնությունում Մանուել Պետրոսյանը 11 հնարավորից 8 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

7,5 միավորով երկրորդ տեղը կիսեցին Շանթ Սարգսյանն ու Հայկ Մ. Մարտիրոսյանը: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը, երրորդ տեղը՝ Շանթ Սարգսյանը:

Հունվարի 24-ին չեմպիոնն ու մեդալակիրները պարգեւատրվեցին:

«Հայաստանի առաջնությունը շատ հաջող էր ընթանում ինձ համար: Սկզբից երեք ոչ ոքի խաղացի մրցաշարի ռեյտինգ ֆավորիտների հետ: Ապա հաջողվեց հինգ անընդմեջ հաղթանակ տանել: Մեկ պարտություն ունեցա նախավերջին տուրում: Վերջին տուրում հավաքվեցի եւ հաջողվեց վստահ հաղթանակով ավարտել: Եթե վերջին տուրում Արման Միքայելյանի հետ ոչ ոքի խաղայի, ինձ չէր խանգարի չեմպիոն դառնալ, բայց հաջողվեց հաղթանակով ավարտել մրցաշարը:

Ուզում եմ նշել, որ մրցաշարից առաջ Լեւոն Արոնյանի հետ հավաքի եմ մասնակցել: Նա այստեղ էր, Ծաղկաձորում հաջողվեց 4-5 օր հավաք անցնել նրա հետ: Կարծում եմ՝ Լեւոն Արոնյանի հետ այս նախապատրաստական փուլը շատ մեծ օգուտ տվեց ինձ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու համար: Մարզավիճակ հավաքեցի մրցաշարից առաջ, ինչն իր ազդեցությունը թողեց պարտիաների վրա: Ինչ-որ չափով որակով էի խաղում՝ բացառությամբ մի քանի պարտիաների:

Սովորություն ունեմ պարտիայից առաջ ամբողջովին մտնել մրցումային իրավիճակի մեջ, մտքերով տրամադրվել:

Կառանձնացնեմ իմ առաջին հաղթանակը, որը սկիզբ դրեց հետագա հաղթանակների: Դրանից առաջ Շանթ Սարգսյանի եւ Հայկ Մ. Մարտիրոսյանի հետ երկու պարտիաներում հաղթած դիրքեր ունեի, բայց չստացվեց հաղթել: Դրանից հետո առաջին հաղթանակս տարա մրցաշարում եւ, այն ինձ մեծ վստահություն տվեց, որսացի պահը եւս ստացվեց իրար հաջորդող հաղթանակներ ունենալ:

Վերջում, իրոք, շատ ծանր էր ընթանում մրցաշարը, քանի որ վերջին տուրից առաջ սպիտակներով ցավալի պարտություն էի կրել: Եթե նախավերջին տուրում ոչ ոքի խաղայի, գործնականում կապահովեի չեմպիոնությունս: Այսպես կարիք եղավ եւս մեկ անգամ կենտրոնանալ վերջին պարտիրայի վրա եւ մինչեւ վերջ պայքարել հաղթանակի համար:

Կարեւոր տարի է, Օլիմպիադայի պետք է մասնակցենք: Տեսնենք՝ ինչպես կդասավորվի, մեծ հույս ունենք, որ համավարակը չի խանգարի Օլիմպիադայի անցկացմանը: Տեղի է ունենալու Մոսկվայում ամռանը: Կպատրաստվենք, կփորձենք լավ մասնակցել հավաքականի հետ»,- ասաց Մանուել Պետրոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում