21:11  ,  23 հունվարի, 2022

«Ռեալն» ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալն» ընդունեց «Էլչեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

33-րդ րոպեին դաշտի տերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման բարձր հարվածեց։

2009 թվականից «Ռեալում» հանդես եկող Բենզեման առաջին անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Սրանից առաջ նա մադրիդյան ակումբում 16 անգամ գոլ է խփել 11 մետրանոցից։

42-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը արգենտինացի հարձակվող Լուկաս Բոեի գոլի շնորհիվ։ 76-րդ րոպեին «Էլչեի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Պերե Միլյան։

82-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Արքայական թիմին պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի գոլն ավելացված երկրորդ րոպեին։

«Ռեալը» 50 միավորով առաջին տեղում է եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայի» նկատմամբ։ «Էլչեն» 15-րդն է՝ 23 միավոր։

Երեք օր առաջ «Էլչեն» «Ռեալին» պարտվել էր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման լրացուցիչ ժամանակում՝ 1։2։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ» - «Էլչե»՝ 2։2 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 82, 11մ, Էդեր Միլիտաո, 90+2 - Լուկաս Բոե, 42, Պերե Միլյա, 76

Չիրացրած 11մ՝ Քարիմ Բենզեմա («Ռեալ»), 33

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով