11:30  ,  20 հունվարի, 2022

Անտոնիո Կոնտե․ Բարդ է ասել, թե որն է մեր նպատակը

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում «Լեսթեր Սիթիի» նկատմամբ 3։2 հաշվով կամային հաղթանակից հետո դժվարացել է ասել, թե ինչ նպատակ ունի «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։

«Այսօր մենք ցույց տվեցինք, որ երբեք չենք ցանկանում հանձնվել։ Ֆուտբոլիստները գիտեն, թե որն է մեր փիլիսոփայությունը։ Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ եւ ձգտենք արդյունքի։

Այս խաղում պարտությունը ճիշտ չէր լինի։ Բազմաթիվ գոլային պահեր ունեինք, իսկ գոլեր բաց էինք թողնում անհաջող պահերից հետո։ Բայց մենք մինչեւ վերջին վայրկյանը հավատում էինք։ Ցանկանում էինք նվաճել 3 միավոր եւ արժանի հաղթանակ տարանք։

Հիմա բարդ է ասել, թե որն է մեր նպատակը։ Դեռ երկար ճանապարհ կա։ Հիմա պետք է աշխատել, պայքարել ամեն միավորի եւ արդյունքի համար։ Շատ ծանր է լինելու՝ հաշվի առնելով Պրեմիեր լիգայի մակարդակը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։

19 խաղից հետո «Տոտենհեմը» 36 միավորով 5-րդն է, «Լեսթեր Սիթին» նույնպես անցկացրել է 19 հանդիպում եւ 10-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Պաթսոն Դաքա, 24, Ջեյմս Մեդիսոն, 76 - Հարի Քեյն, 38, Սթիվեն Բերգվեյն, 90+5, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում