11:50  ,  18 հունվարի, 2022

Թոմաս Տուխել․ Ցնցված եմ, անհարմար եմ զգում ինձ

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի վարկածով 2021թ․ աշխարհի լավագույն մարզիչի մրցանակին արժանանալու լուրը։

«Սովորական մարզումային օր էր մարզաբազայում։ Ես նոր էի վերադարձել մարզումից, հետո արարողության ժամանակ բացեցին ծրարը եւ կարդացին իմ անումը։ Ցնցված եմ։ Իրականում, անհարմար եմ զգում ինձ։

Ես հավանում եմ «Չելսիի» ընտրած ուղին եւ վայելում եմ այս ժամանակահատվածը։ Բավական հաջող մրցաշրջան ունենք, շնորհակալ եմ ինձ աջակցողներին։ Ես ինձ լավ եմ զգում այսքան մրցունակ ակումբում։ «Չելսիում» բոլորս ձգտում ենք լինել մեր լավագույն տարբերակը»,- Տուխելի խոսքը մեջբերում է Football London-ը։

Անցած տարի «Չելսին» նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում