20:48  ,  6 հունվարի, 2022

Նարեկ Աբգարյանը 30 տարեկան է․ Անհամբեր սպասում եմ առաջիկա մենամարտիս (ֆոտոշարք)

Անհամբեր սպասում եմ առաջիկա մենամարտիս, որտեղ հնարավորություն ունեմ EUB Եվրոպայի չեմպիոնական գոտի նվաճել։ Ափսոսում եմ, որ հետաձգվեց մենամարտս։ Լավագույնս կպատրաստվեմ արդեն տոներից հետո։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նարեկ Աբգարյանը:

Հունվարի 6-ին բռնցքամարտիկը նշում է ծննդյան 30-ամյակը։ Այդ կապակցությամբ Հայաստանի հավաքականի նախկին անդամը կնոջ եւ որդու հետ ֆոտոսեսիա է անցկացրել սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում նվաճած մեդալներով, WBC վարկածով International Silver գոտիով։

Նարեկ Աբգարյանը վերջին ամիսներին գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ պատրաստվում էր պրոֆեսիոնալ ռինգում շատ կարեւոր մենամարտի։ Մրցակցի վնասվածքի պատճառով չեմպիոնական գոտու համար մենամարտը հետաձգվել է դեռեւս անորոշ ժամանակով։

«ԱՄՆ-ում պատրաստվում էի Եվրոպայի չիմպիոնի գոտու համար մենամարտին, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 18-ին Մանչեսթերում։ Շատ երկար ու լավ մարզումներ ունեցանք, լիարժեք պատրաստ էի չեպիոնական գոտու համար պայքարին, քաշ էի գցել, ամբողջ թիմով արդեն Անգլիայի մուտքի վիզա էինք ստացել, մեկնելու տոմսեր գնել, բայց վերջին պահին մեզ հայտնեցին, որ մենամարտը տեղի չի ունենալու: Մրցակիցս թեթևագույն քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն էր՝ բրիտանացի Լի Մաքգրեգորը, ում էլ պատկանում է EUB չեմպիոնական գոտին։

Սա համարվում է Եվրոպայի չեմպիոնական ամենամեծ գոտին։ Այն նվաճել են Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը։ Այժմ պատկանում է Լի Մաքգրեգորին, եւ ինձ հետ մենամարտում նա պետք է պաշտպաներ։ Վերջին օրերին բրիտանացի բռնցքամարտիկը ձեռքի վնասվածք է ստացել եւ մենամարտը ստիպված հետաձգվեց։

Ունենք երկկողմանի պայմանագիր, որ վնասվածքը բուժելուց եւ ապաքինվելուց հետո գոտու պաշպանության համար մենամարտը կայանալու եւ 99 տոկոսով մենամարտելու եմ ես։ Նախնական տվյալներով այն տեղի կունենա մարտին։

Տոներից հետո կվերադառնամ ԱՄՆ եւ կշարունակեմ մարզումներս, նախապատրաստական փուլս, մինչեւ հստակ օր նշանակվի»,- մանրամասնեց Նարեկ Աբգարյանը։

30-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ միավորներով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով