09:11  ,  31 դեկտեմբերի, 2021

Հայկական սպորտ․ Մրցաշրջան-2021-ի գլխավոր նվաճումները

Մրցաշրջան-2021-ը հաջողված էր հայկական սպորտի համար: Տարին օլիմպիական էր եւ մեդալառատ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեցին 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը: Օլիմպիական Տոկիոյում Հայաստանը ոսկե մեդալ չնվաճեց, բայց 32-րդ Խաղերը բեկումնային եղավ հայկական սպորտային մարմնամարզության եւ բռնցքամարտի համար:

Առաջին անգամ օլիմպիական տարում անցկացվեցին մի շարք մարզաձեւերի աշխարհի առաջնություններ: 2021-ում փառահեղ հաղթանակներով աչքի ընկան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, շախմատիստ Էլինա Դանիելյանը, ծանրորդներ Սամվել Գասպարյանն ու Կարեն Ավագյանը: Մրցաշրջանի իրական բացահայտում եղավ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

2021-ում մեծ հաղթանակներ վայելեցինք նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղերում, բայց 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը հաջողված մեկնարկից հետո ձախողեց վերջին խաղերում եւ դուրս մնաց եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար հետագա պայքարից:

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի կարեւոր նվաճումները մրցաշրջան-2021-ում

1 Տոկիո-2020

Հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 արծաթ եւ 2 բրոնզ։ 17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականից արծաթե մեդալակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիր՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշայինների պայքարում նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ եւ պարտվեց 1։5 հաշվով։ 

Ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ: Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 195 կգ արդյունք եւ սահմանեց օլիմպիական ռեկորդ։ Հրում վարժությունում 24-ամյա ծանրորդը գրանցեց 228 կգ արդյունք։

Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած ուզբեկ Աքբար Ջուրաեւից հետ մնաց 7 կգ։ 

41 տարի անց Հայաստանն օլիմպիական մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզությունում։ Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկի վարժությունում: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5)

Հայաստանի օլիմպիական հավաքականը 69-րդ տեղը զբաղեցրեց մեդալային հաշվարկում:

2․ Մալխաս Ամոյանն՝ աշխարհի չեմպիոն

Հոկտեմբերի 8-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Մալխաս Ամոյանն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվեց 2021 թվականի լավագույն ըմբիշ իր քաշային կարգում եւ պարգեւատրեց տասը հազար դոլարով։

3 Դավիթ Չալոյանի արծաթե մեդալն աշխարհի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Դավիթ Չալոյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: 13 տարվա դադարից հետո հայկական բռնցքամարտում 24-ամյա մարզիկը պատմական հաջողություն գրանցեց: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը:

Դավիթ Չալոյանը աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց ամենահեղինակավոր քաշային կարգում՝ +92 կգ: Եզրափակիչում Չալոյանը ծանր մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն: 

4 Վարազդատ Լալայանն՝ աշխարհի փոխչեմպիոն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 457 կգ (211+246), Գոռ Մինասյանը՝ 448 կգ (205+243): Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից ամենաբարձր նվաճումը գրանցեց երիտասարդ Վարազդատ Լալայանը։ 

5 Բրոնզե մեդալներ՝ ծանրամարտի, բռնցքամարտի եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություններում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ: 24-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց  416 կգ (188+228): 

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնութունում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճեց իր մարզական կարիերայի երրորդ բրոնզե մեդալը աշխարհի առաջնություններում։

63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Բաչկովը մենամարտեց կրկնակի աշխարհի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ եւ ծանր մենամարտում պարտվեց 0։5 հաշվով։

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը 2 րոպե 16 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ:

61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարում 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Ռանդիվեր Ռանդիվերի հետ եւ առաջին մրցափուլում հաղթեց 10:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին: 

7 Արթուր Դավթյանի Եվրոպայի չեմպիոնությունը՝ ապրիլի 24-ին

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության նժույգի թափեր վարժությունում Եվրոպական խաղերի չեմպիոնը դարձավ ոսկե մեդալակիր: 

Մարմնամարզիկը դուրս եկավ պարգեւատրման Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով եւ իր հաղթանակը նվիրեց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց եւ ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր երազանքն է եղել ապրիլի 24-ին հաղթել որեւէ մրցաշարում եւ անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: 

8 Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը` առաջինը հայկական շախմատի պատմության մեջ։ 

Ռումինիայում անցկացված մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց Էստոնիայի ներկայացուցիչ Մայի Նարվայի հետ եւ առավելության հասավ 40-րդ քայլում։ Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ ոքի։

43-ամյա Էլինա Դանիելյանը 2001 թվականին դարձել է արագ շախմատի Եվրոպայի անհատական չեմպիոն, 2003 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն, 2011–ի Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։ 

9 Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությամբ

Մոսկվայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Կարեն Ավագյանը  եւ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձան ոսկե մեդալակիրներ։

Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ երկամարտի 390 կգ-ով։

10 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկն ու անհաջող ավարտը՝ ԱԱ-2022-ի խմբային փուլում

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ երեք հաղթանակով՝ Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա հաղթանակ (1:0), ապա տնային երկու տպավորիչ հաղթանակներ Իսլանդիայի (2:0) եւ Ռումինիայի (3:2) հավաքականների նկատմամբ:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակների շարքը կանգնեցրեց Հյուսիսային Մակեդոնիան: Արտագնա խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի: Հաջորդ խաղերում ազգային թիմը պարտվեց Գերմանիային (0:6),  տանը ոչ ոքի խաղաց Լիխտենշտեյնի (1:1),  Իսլանդիայի հետ (1:1), Բուխարեստում 0:1 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին։

Նախավերջին տուրում  սեփական խաղադաշտում 0։5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդենիային՝  զրկվելով երկրորդ տեղի եւ ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

Վերջին տուրում իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1։4 հաշվով պարտություն կրեց խմբի հաղթող Գերմանիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականը 17 միավորով չորրորդ տեղը զբաղեցրեց J խմբում եւ դուրս մնաց պայքարից։

11․ «Ալաշկերտի» պատմական հաջողությունը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացված էր եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում։

Մասնակցությունը հաջող չստացվեց․ 5 պարտություն եւ 1 ոչ ոքի Իսրայելի «Մաքաբի Թել Ավիվի», ավստրիական ԼԱՍԿ-ի եւ Ֆինլանդիայի ՀԻԿ-ի հետ պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում