09:09  ,  30 դեկտեմբերի, 2021

Տարվա 10 գլխավոր իրադարձությունները համաշխարհային սպորտում

Մրցաշրջան-2021-ը հագեցած էր մարզական իրադարձություններով: Անցկացվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը՝ Տոկիո-2020, Եվրո-2020։

NEWS.am Sport-ն առանձնացրել է համաշխարհային սպորտի տարվա 10 կարեւոր իրադարձությունները:

1. Եվրո-2020

2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում անցկացվեց ֆուտբոլային Եվրո-2020-ը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց 24 հավաքական:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի հավաքականը:

Եվրո-2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հետխաղային 11 մետրանոցներով 3։2 հաշվով հաղթեց Անգլիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ 

Իտալիան 53 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 1968 թվականին։

Անգլիան 1966թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսից հետո դարձյալ մնաց առանց գավաթի։

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն խաղացող։ 

Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 4 խաղում (360 րոպե) խփեց 5 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

2Տոկիո-2020

Հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը նվաճեց 39 ոսկե, 41 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ամերիկացիները նվաճել էին 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալ՝ դարձյալ գրավելով առաջին տեղը։

Տոկիոյի Խաղերում Չինաստանը վերջին օրը նահանջեց երկրորդ տեղ՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ։

Ճապոնիան գրավեց երրորդ տեղը՝ 27 ոսկե, 14 արծաթե, 17 բրոնզե։

Տոկիոյի Խաղերի առաջատար տասնյակում էին նաեւ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը (դոպինգային խախտումների համար ներկայանում էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտե, առանց պետական դրոշի եւ հիմնի), Ավստրալիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան։

17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդ տեղ մեդալային հաշվարկում:

3Անպարտելի Մագնուս Կարլսեն

31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) 5-րդ անգամ հռչակվեց շախմատի աշխարհի չեմպիոն: Դուբայում անցկացված չեմպիոնական մրցամարտում  Կարլսենը 7,5։3,5 հաշվով պարտության մատնեց տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2782)։ Կարլսենը տարավ 4 հաղթանակ, 7 պարտիա ավարտվեց ոչ ոքի։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը։

Շախմատային թագի համար պայքարում Կարլսենի այս հաղթանակն ամենախոշորն է 1993 թվականից հետո։ Այն ժամանակ ռուսաստանցի Գարի Կասպարովը անգլիացի Նայջել Շորթին հաղթել էր 12,5։7,5 հաշվով։ Պրոֆեսիոնալ շախմատային ֆեդերացիայի վարկածով այդ մրցամարտում կարող էր անցկացվել 24 պարտիա, Կասպարովը հաղթանակի հասավ 20 պարտիայի արդյունքում։ Կարլսեն - Նեպոմնյաշչի մրցամարտում նախատեսված էր 14 դասական պարտիա, անցկացվեց 11 պարտիա։

4․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու խմբային մրցաշարի առաջին տեղերը գրաված թիմերը նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Այդ թիմերն են Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Գերմանիան, Անգլիան ու Նիդերլանդները։

Եվս 3 ուղեգիր գարնանը կվիճարկվի փլեյ-օֆֆում, որն առաջին անգամ կանցկացվի կիսաեզրափակիչով եւ եզրափակիչով։ Վիճակահանության արդյունքներով  կիսաեզրափակիչում A ուղում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան, Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն եզրափակիչ մրցաշարի առաջին ուղեգիրը։

B ուղու կիսաեզրափակիչում կմրցեն Ռուսաստանն ու Լեհաստանը, Շվեդիան ու Չեխիան։ Այս զույգերի հաղթողը եզրափակիչում կվիճարկեն երկրորդ ուղեգիրը։

C ուղու կիսաեզրափակիչում Իտալիան կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիան՝ Թուրքիայի հետ։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն երրորդ ուղեգիրը։ Հետեւաբար Պորտուգալիան կամ Եվրոպայի չեմպիոն Իտալիան եզրափակիչ մրցաշարին չի մասնակցի։ 

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-ին եւ 25-ին, եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 28-ին եւ 29-ին։

Հաղթողները հայտնի կդառնան մեկ հանդիպման արդյունքում։

5Մեսիի եւ Ռոնալդուի տրանսֆերները

2021 թվականի ամռանը տեղի ունեցան համաշխարհի ֆուտբոլի ամենաաղմկահարույց երկու տրանսֆերները: Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսին տեղափոխվեց Փարիզի ՊՍԺ, իսկ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Լիոնել Մեսի

Հուլիսի 1-ից հայտնի դարձավ, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում»: Թիմի ավագը ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել: Ավելի ուշ «Բարսելոնայի» ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի իսպանական լիգայի կանոնադրությունում ամրագրված ֆինանսական եւ կառուցվածքային խոչընդոտների պատճառով հնարավոր չի նոր պայմանագիր ստորագրել։

34-ամյա ֆուտբոլիստը 2005 թվականից էր հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ:

Հրաժեշտի ասուլիսի ժամանակ Մեսին արտասվեց: Օրեր անց Փարիզի ՊՍԺ-ն հայտարարեց Մեսիի ձեռբերման մասին, արգենտինացի ֆուտբոլիստը մեկնեց Փարիզ: 34-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ: Փարիզյան ակումբում Մեսիի տարեկան աշխատավարձը 35 միլիոն եվրո է՝ առանց բոնուսների:

Լեոնել Մեսին  Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։

Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2021 թվականի ամռանը հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»: «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին պաշտոնական առաջարկ արեց «Յուվենտուսին», որն էլ Ռոնալդուին վաճառեց 15 միլիոն եվրոյով։

Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվողը 2 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։ 

6Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակը»

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

2019-ին եւս «Ոսկե գնդակը» ստացել էր Մեսին։ 2020-ին մրցանակաբաշխությունը չէր անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Լավագույն եռյակում են նաեւ  Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս մրցանակաբաշխությունում արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։

7Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»

Ռոբերտ Լեւանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»՝ եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը։

Գերմանիայի անցած առաջնությունում Լեւանդովսկին 29 խաղում խփել է 41 գոլ։ Սա լավագույն ցուցանիշն է եվրոպական առաջնություններում 2014-2015 թվականների մրցաշրջանից հետո, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խփեց 48 գոլ։

Լեւանդովսկին նաեւ 49 տարում Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչն է, որը ստանում է այս մրցանակը։

8Ֆրանսիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր

Ֆուտբոլի Ազգերի լիգայի գավաթը նվաճեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը։ Միլանում տեղի ունեցած եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ 2019-ին առաջին անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչում տիտղոսը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, որը 1։0 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին։

9Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակները «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության առաջին տուրում նորվեգացի Կասպեր Ռուուդին հաղթելու շնորհիվ 7-րդ անգամ տարին ավարտեց համաշխարհային դասակարգման առաջին տեղում։ Նա ստացել է տարվա առաջին ռակետի գավաթը։

Ջոկովիչը մրցաշրջանն առաջին տեղում է ավարտել նաեւ 2011-2012, 2014-2015, 2018, 2020 թվականներին։

2021 թվականին աշխարհի առաջին ռակետը հաղթել է «Մեծ Սաղավարտների» չորս մրցաշարերից երեքում ՝ AusOpen, RolandGarros եւ Wimbeldon :

2021 թվականի փետրվարին Մելբուրնում անցկացված Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում սերբ թենիսիստը հաղթեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին:

Ջոկովիչը 9-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Երեք տարի անընդմեջ նա հավասարը չի ունեցել այս մրցաշարում։

Հունիսին Փարիզում անցկացված Ֆրանսիայի բաց առաջնությունում  Ջոկովիչը դարձավ «Ռոլան Գարոսի» կրկնակի հաղթող: եզրափակիչում Ջոկովիչը առավելության հասավ հույն Ստեֆանոս Ցիցիպասիի նկատմամբ:

Նովակ Ջոկովիչը նվաճեց նաեւ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը՝ պաշտպանելով տիտղոսը, որը նվաճել էր 2019-ին։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Ուիմբլդոնի մրցաշարը չէր անցկացվել։

Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցեց 9-րդ ռակետ Մատեո Բերետինիի հետ, որն առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստն առավելության հասավ չորս սեթում։ Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի հաղթող:

34-ամյա թենիսիստը 20-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ հավասարվելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության հաղթողի կոչումը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը: Եզրափակիչում Զվերեւը 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ  աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի նկատմամվ:

Զվերեւը երկրորդ անգամ նվաճեց ATP Finals-ի գավաթը։ Առաջին անգամ նա հաղթող էր դարձել 2018-ին՝ եզրափակիչում հաղթելով Ջոկովիչին։ 

10Ֆերստապենը՝ Ֆորմուլա-1-ի չեմպիոն

«Ռեդ Բուլի» 24-ամյա հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն առաջին անգամ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Աբու Դաբիի Մեծ մրցանակում։

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չկարողացավ պաշտպանել տիտղոսը՝ Աբու Դաբիում եւ ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը։

Ֆերստապենը 2021 թվականին 22 փուլերից 18-ում դարձավ հաղթող՝ սահմանելով ռեկորդ։

Նրանից առաջ Միխայել Շումախերը (2002-ին), Սեբաստիան Ֆետելը (2011-ին) եւ Լյուիս Հեմիլթոնը (2015-ին, 2016-ին, 2018-ին, 2019-ին) հաղթել էին 17-ական փուլերում։

«Մերսեդեսը» 8-րդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց կոնստրուկտորների գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում