00:19  ,  29 դեկտեմբերի, 2021

17-ամյա Աբդուսատորովի սենսացիոն չեմպիոնությունն ու հայ շախմատիստների արդյունքները (ֆոտո)

Վարշավայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում սենսացիոն հաղթանակ տարավ 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը տիտղոսը նվաճեց թայ-բրեյքում 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի, իսկ երկրորդ պարտիայում Աբդուսատորովը սպիտակներով հաղթանակ տարավ։ Նա դարձավ ամենաերիտասարդ չեմպիոնը արագ շախմատի աշխարհի առաջնությունների պատմության մեջ։

13 տուրից հետո Աբդուսատորովն ու Նեպոմնյաշչին աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ վաստակել էին 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավեցին երրորդ եւ չորրորդ տեղերը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը 9 միավորով գրավեց 6-րդ տեղը։

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Տիգրան Լ․ Պետրոսյանը, որը 27-րդն է՝ 8 միավոր։ Շանթ Սարգսյանը նույնքան միավորով 29-րդն է։ 8 միավոր ունեն նաեւ Գաբրիել Սարգսյանն (31-րդ տեղ) ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը (33-րդ տեղ)։ Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն է։ Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 6,5-ական միավոր եւ 76-րդ, 86, 87-րդ տեղերում են համապատասխանաբար։ Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 5 միավոր եւ 141-րդն է։

Կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

Հայաստանի երկու ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 28-րդն է (6,5 միավոր), Սուսաննա Գաբոյանը 94-րդն է (3,5 միավոր)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում