11:53  ,  22 դեկտեմբերի, 2021

Լեւոն Արոնյանի գրառումը՝ լուսահոգի կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել լուսահոգի կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա առթիվ։

«Թանկագիր Արի, 7 տարի առաջ ես պատրաստեցի այս տեսանյութը, որպես նվեր քեզ համար։ Սրանք միասին անցկացրած քո ծննդյան օրերից հիշողություններ են։ Մենք միշտ քո ծննդյան օրը նշում էինք միասին՝ ընկերների հետ կամ առանց ընկերների, բայց միշտ միասին։

Դու սիրում էիր տարվա այս ժամանակը եւ պլանավորում՝ երջանկացնելով ինձ։ Մենք միշտ ինչ-որ հրաշալի բան էինք անում, այցելում նոր երկիր կամ անցկացնում այդ օրն առանձնահատուկ։ Այդ ամենը միշտ թանկ կմնա ինձ համար։

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերները եւ քեզ սիրող բոլոր մարդիկ երբեք չէին հոգնում քեզնից եւ չեն հոգնի։ Սիրում եւ կարոտում ենք։ Շնորհավոր ծննդյանդ օրը»,- գրել է Լեւոն Արոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին 2020թ․ մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն մարտի 30-ին Արիանայի սիրտը կանգ էր առել: Նա 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017 թվականին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում