17:05  ,  16 դեկտեմբերի, 2021

Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 416 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունը կրկնակի աշխարհի չեմպիոնը սկսեց 188 կգ-ով եւ վստահությամբ կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 193 կգ-ոց ծանրաձողը նույնպես հաջողությամբ պոկեց, բայց մրցավարները չհաշվեցին քաշը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 196 կգ, բայց կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ գլխավերեւում ֆիքսել ծանրաձողը: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 188 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 7 կգ-ով զիջելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւին: Ուզբեկ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 195 կգ արդյունք:

Հրում վարժությունը Հայաստանի հավաքականի առաջատարը սկսեց 228 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը պատվիրեց 237 կգ, որը օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցման փորձն էլ 237 կգ-ի անհաջողության մատնվեց: Սիմոն Մարտիրոսյանը այս վարժությունում 228 կգ-ով նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 433 կգ արդյունքով նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւը: Արծաթե մեդալակիր դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը երկամարտի 421 կգ արդյունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում