17:02  ,  15 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Տաթեւ Հակոբյանը գրավեց 5-րդ տեղը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 9-րդ օրը մրցահարթակ դուրս եկած կանանց Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգում գրավեց 5-րդ տեղը: Երկամարտում 25-ամյա ծանրորդուհին գրանցեց 230 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Հակոբյանը երրորդ փորձից հետո միայն կարողացավ գլխավերեւում ֆիքսել 105 կգ-ոց ծանրաձողը: Առաջին երկու փորձերում ձախողել էր: Այս վարժությունում Տաթեւ Հակոբյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 125 կգ-ից եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ եւ երրորդ մոտացման համար պատվիրված 134 կգ եւ 135 կգ-ն ձախողեց: Այս վարժությունում էլ Հակոբյանը 5-րդն է:

81 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց ուկրաինացի Ալինա Մարուշչակը (113+135), արծաթե մեդալակիր՝ կոլումբացի Վալերիա Ռիվաս Մոսքուերա (239 երկամարտ. 105+134), բրոնզե մեդալակիր կորեացի Իսուել Կիմ (238 երկամարտ, 108+130)

Երեկոյան մրցահերթում 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գասպարյանը հռչակվեց չեմպիոն։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (176+214): 

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն էր:

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում Մարտիրոսյանը, 10 կգ-ով զիջելով Սամվել Գասպարյանին, նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցեց 380 կգ արդյունք (171+209): Հրում վարժությունում 209 կգ-ով նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:

2021 թվականի հոկտեմբերին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված  ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը: Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 383 կգ (176+207)՝ նվաճելով Մ23 Եվրոպայի առաջնության բոլոր երեք ոսկե մեդալները:

Արսեն Մարտիրոսյանը Սիմոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է:

Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը այս քաշային կարգի ֆավորիտներից են: Եվրոպայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը հայտավորվել են երկամարտի ամենաբարձր՝ 400 կգ նախնական պատվերներով: Նույն քաշով են հայտավորվել նաեւ Իրանի եւ Կորեայի ներկայացուցիչները:

102 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում