17:07  ,  13 դեկտեմբերի, 2021

ՈւԵՖԱ. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը նորից կանցկացվի

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ հաղորդել է, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կանցկացվի նորից դեկտեմբերի 13-ին, Երեւանի ժամանակով 18։00-ին։

Պատճառը վիճակահանության ժամանակ տեղի ունեցած տեխնիկական սխալն է։ 1/8 եզրափակիչում նուն զույգում էին հայտնվել իսպանական «Վիլյառեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս թիմերը խմբային փուլում ընդգրկված էին նույն խմբում եւ չէին կարող խաղալ իրար դեմ։ ՈւԵՖԱ-ն նշել է, որ սխալի պատճառը կապված է ծրագրային ապահովման հետ։

Վիճակահանությունն անցկացրած «Զենիթի» տնօրեն, նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը «Վիլյառեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» անվանումներից հետո հանել էր «Մանչեսթեր Սիթին»։

Բացի այդ, «Աթլետիկոյի» մրցակցին որոշելիս զամբյուղում չկար «Մանչեսթեր Յունաթեդը», սակայն ավելացրին «Լիվերպուլի» անվանումը, թեեւ «Աթլետիկոն» ու «Լիվերպուլն» ընդգրկված էին եղել նույն խմբում։ «Աթլետիկոյին» բաժին հասավ «Բավարիան»։

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած վիճակահանությամբ ձեւավորվել էին հետեւյալ զույգերը.

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Վիլյառեալ (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

 «Ինտեր» (Իտալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2022թ․ փետրվարի 15-16-ին եւ 22-23-ին։ Պատասխան հանդիպումները կանցկացվեն մարտի 8-9-ին եւ 15-16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով