16:43  ,  13 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ (ֆոտո)

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հրում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը: Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Կարապետյանը հրում վարժության առաջին մոտեցումից հետո ոտքի մկանի վնասվածք ստացավ եւ երեք փորձերն էլ ձախողեց:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 4 կգ-ով գերազանցել էր բոլոր մրցակիցներին: Եվրոպայի չեմպիոնը նախ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 172 կգը՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին եւ նվաճելով այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը: Հայաստանի մարզչական շտաբի որոշմամբ Կարապետյանը գնաց նաեւ երրորդ մոտեցման եւ հաջողությամբ պոկեց նաեւ 175 կգ-ոց ծանրաձողը՝ 4 կգ-ով առաջ անցնելով իրեն հետապնդող վրացի Ռեւազ Դավիթաձեին (171 կգ):

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ գլխավերեւոմ ֆիքսել 196 կգ-ը: Երկրորդ մոտեցմամբ 196-ը կրկին ձախողեց եւ դժվարությամբ լքեց մրցահարթակը: Բժիշկների միջամտությամբ, Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը որոշեց վնասվածքով գնալ նաեւ երրորդ փորձի, բայց Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ 196 կգ հրել: Նրան օգնեցին մրցահարթակից իջնել: Այս վարժությունում Կարապետյանը զրո ստացավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում