09:02  ,  12 դեկտեմբերի, 2021

Արսեն Հարությունյան․ Երջանիկ եմ, որ կարողացա այսքան երեխայի ուրախություն պարգեւել (ֆոտո, վիդեո)

Երջանիկ եմ, որ կարողացա այսքան երեխայի ուրախություն պարգեւել: Մարմարաշենցիները միշտ իմ կողքին են մրցաշարերի ժամանակ, այժմ էլ ես եմ ուզում նրանց կողքին լինել եւ իմ հնարավորությունների չափով նրանց տոնական օրերը գեղեցկացնել: Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունվի նախաձեռնությունս եւ այսքան երեխա ներկա կգտնվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ գյուղի գլխավոր տոնածառի բացումը:

Նախորդ շաբաթ 22-ամյա ըմբիշը սոցցանցերում տեղեկացրել էր, որ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության պետական պարգեւավճարները տրամադրել է բարեգործության: Մ23 աշխարհի չեմպիոնը տոնածառ էր գնել Մարմարաշենի համար:

Դեկտեմբերի 11-ին մեծ շուքով, Ձմեռ Պապով, երգ ու պարով Արսեն Հարությունյանի մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը:

«Թեեւ դրսում շատ ցուրտ է, բայց գրեթե ամբողջ գյուղը եկել է մասնակցելու մեր ուրախությանը: Կարծում եմ, սա իսկական տոն է յուրաքանչյուր փոքրիկի համար: Ինձ համար էլ է տոն, քանի որ ես էլ նրանց պես ուրախանում եմ իրենց ժպիտները տեսնելով: Երջանիկ եմ, որ այսքան երեխայի կարողացա ժպիտ պարգեւել:

Բարեգործություն անել շատ եմ սիրում, երջանիկ եմ ինձ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ մեկի ուրախություն պարգեւել: Այս անգամ որոշել էի, որ գյուղի երեխաներին պետք է ուրախացնեմ: Մանկուց այսպիսի երազանք ունեի, որ մեծանամ եւ մեր գյուղի համար մեծ տոնածառ գնեմ, շատ երեխաներ գան ու միասին վառենք տոնածառի լույսերը:

Իմ գյուղը, Մարմարաշենը միշտ իմ կողքին է եղել՝ հաղթանակների, պարտությունների ժամանակ: Ես միշտ զգացել եմ իմ գյուղի աջակցությունը մրցաշարերի ժամանակ: Այժմ ժամանակն է, որ ես լինեմ իմ գյուղի կողքին: Երեւի կյանքում չեմ մոռանա այս օրը, երեխաների այս ուրախությունը»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Գյուղի գլխավոր տոնածառը տեղադրված է  Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում: Տարածքն ամբողջությամբ զարդարված է եւ լուսավորված, որը նույնպես ապահովել է Արսեն Հարությունյանը:

Գլխավոր տոնածառի լույսերը վառելու էր եկել գրեթե ամբողջ համայնքը՝ մեծից փոքր: Երեխաներին մասնավորապես ուրախացրեց Ձմեռ պապը, որն էլ հետհաշվարկով վառեց լույսերը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մեծ հրավառություն հատուկ փոքրիկների համար: Գյուղում նախատոնական տրամադրություն ստեղծելու եւ համայնքը զարդարելու համար Արսեն Հարությունյանին շնորհակալություն հայտնեց Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Ղազարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով