14:22  ,  9 դեկտեմբերի, 2021

Լոպետեգին՝ «Սեւիլիայի» ձախողման մասին․ Ֆուտբոլում կարեւոր են մանրուքները

Իսպանական «Սեւիլիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է 0։1 հաշվով պարտությունը ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։

G խմբում «Սեւիլիան» 6 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

«Ֆուտբոլում կարեւոր են մանրուքները, հատկապես, այս մակարդակում։ Եթե չես օգտագործում հնարավորություններդ, իսկ մրցակիցը դա անում է, բարդ է հասնել նպատակին։

Ցավալի է, քանի որ մենք առաջընթացի ուղու վրա ենք եւ շատ մոտ էինք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին։ Ունեինք գոլային պահ, բայց չօգտագործեցինք, իսկ բաց թողած գոլից հետո արդեն բարդ էր»,- Լոպետեգիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

G խմբում առաջին տեղը 11 միավորով գրավեց ֆրանսիական «Լիլը», իսկ «Զալցբուրգը» 10 միավորով երկրորդն է՝ դառնալով առաջին ավստրիական թիմը, որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում