18:48  ,  8 դեկտեմբերի, 2021

Մագնուս Կարլսեն - Յան Նեպոմնյաշչի՝ 7-րդ ոչ ոքին

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի  10-րդ պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) դեմ 10-րդ պարտիայում խաղում էր սպիտակ ֆիգուրներով։ Պայքարն ավարտվեց 41-րդ քայլում։

Հաշիվը 6,5։3,5 է՝ չեմպիոնի օգտին։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Առաջինը 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը կդառնա հաղթող։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում