18:56  ,  9 հոկտեմբերի, 2012

Երեւանում են բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք Երեւանում են գտնվում նոյեմբերի վերջին մեկնարկելիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար:

Ողջունելով հյուրերին եւ նշելով Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացման կարեւորությունը՝ նախարարը տեղեկացրել է նրանց կատարված կազմակերպչական  աշխատանքների մասին, որոնք նպաստելու են մրցաշարի անցկացմանը: «Մասնակիցները բնակվելու են բարձրակարգ հյուրանոցներոմ, ապահովված է լինելու բոլորի անվտանգությունը, եւ ընդհանրապես, արվելու է առավելագույնը, այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է Հ. Ռոստոմյանը:

Հյուրերը տեղեկացրել են, որ եղել են մարզասրահներում, ծանոթացել պայմաններին եւ հույս հայտնել, որ մինչեւ մրցաշարի մեկնարկը բոլոր կազմակերպչական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն:

Հանդիպման վերջում, նախարարը պատրաստակամություն է հայտնել մեկ անգամ եւս՝ նախքան պատվիրակության մեկնելը, հանդիպել եւ քննարկել նրանց բոլոր առաջարկությունները, հաղորդում է msy.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում