19:32  ,  4 դեկտեմբերի, 2021

Երեւանում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը

Հայաստանի ուժային եռամարտի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների համագործակցությամբ դեկտեմբերի 4-ից Երեւանի Orange Fitness ակումբում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 200-ից ավելի մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ:

Ըստ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի, 2021 թվականի առաջնությունն աննախադեպ է մասնակիցների թվով:

«Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք երեք մրցաձեւերից՝ կքանիստ, սեղմում հենարանից եւ ձգում, իսկ հաշմանդամություն ունեցող մարզիկները պայքարում են սեղմում հենարանից մրցաձեւում:

Ունենք աննախադեպ թվով մասնակիցներ՝ ավելի քան 200 հայտագրված մասնակից: Այսպիսի բարձր թվով մասնակցություն չէինք ունեցել, ինչը շատ ուրախալի է: Նաեւ ուրախացնող է աղջիկների մասնակցությունը:

Հաշմանդամային սպորտից ունենք բարձր մասնակցություն, որը տարբեր գործոններով է պայմանավորված: Ցավոք՝ հաշմանդամություն ունեցողները շատացել են: Ուրախացնող է այն, որ նրանք շարունակում են ապացուցել, թե որքան ուժեղ են:

Մարզաձեւի նկատմամբ ունենք հետաքրքրության ակնհայտ բարձրացում: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ սովորական մարզասրահներում կարելի է զբաղվել բոլոր մրցաձեւերով եւ փորձել գրանցել բարձր արդյունք մրցաշարերում, մտնել պայքարի մեջ:

Այս տարի Հայաստանի առաջնության հաղթողները բարձր մրցանակային ֆոնդով չեն պարգեւատրվի: Միայն բացարձակ հաղթողները կպարգեւատրվեն եւ Հայաստանի նոր ռեկորդներ սահմանողները: Սա հատուկ նպատակ ունի, որպեսզի այսկերպ միջազգային մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչների արդյունքներն ավելի բարձրացնենք»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:

Հայաստանի առաջնությունը կտեւի երկու օր եւ կավարտվի դեկտեմբերի 5-ին: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել տղամարդկանց ուժային եռամարտի -59 կգ, -66 կգ, -74 կգ, -83 կգ, -93 կգ, -105 կգ, -120 կգ եւ +120 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Երկրորդ մրցումային օրը կմասնակցեն կանայք (-47 կգ, -52 կգ, 57 կգ, -63 կգ, -72 կգ, -84 կգ, +84 կգ)  եւ հաշմանդամություն ունեցող մարզիկները (-49 կգ, -54 կգ, 59 կգ, -65 կգ, -72 կգ, 80 կգ, -88 կգ, -97 կգ, 107 կգ եւ +107 կգ):

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանին գոհացնում է մարզիկների արդյունքները:

«Հաճելի է, որ տարեցտարի մեր մարզիկներն իրենց արդյունքները բարելավում են, ավելացնում են: Կարծում եմ՝ մեր կազմակերպած մրցումներն ավելի են մոտիվացնում մարզիկներին: Ամեն տարի մեծ աճ է զգացվում նախորդ տարվա արդյունքների համեմատ: Առաջնության արդյունքներով կձեւավորենք հավաքական, որը կմասնակցի հաջորդ տարվա միջազգային մրցաշարերին: Ինձ համար ավելի կարեւոր է հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը. փորձում ենք նրանց օգնել` ապրելու, առաջ նայելու ձգտումը ավելացնել»,- նշեց Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի առաջնությանը մասնակցում է հաշմանդամություն ունեցող 67 մարզիկ, որոնցից շատերը 44-օրյա արցախյան պատերազմի մասնակիցներ են: Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը կարեւորում է հաշմված մարզիկների մասնակցությունը ցանկացած մրցաշարերում:

«Մասնակիցների 30 տոկոսը զինհաշմանդամներ են, որոնցից 10-ը այս պատերազմում են հաշմանդամություն ձեռք բերել: Վաղը նրանք կպայքարեն լավագույնի կոչման համար: Բոլորն էլ շատ լավ են պատրաստված: Չնայած շատ այլ բարդությունների, մեր մարզիկները մեծ աշխատանք են կատարել, անդադար մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում դուրս գան մրցահարթակ:

Ցանկացած մարզիկի, այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար շատ կարեւոր է հաղթողի կերպարում ապրելը: Մենք՝ հաշմանդամություն ունեցողներս ամեն օր ենք պայքարում առօրյայի, մեր շրջապատի հետ, որպեսզի լինենք ոտքի վրա, իսկ երբ հաջողություն ենք ունենում մարզական ոլորտում, հաղթող ենք ճանաչվում, ավելի է ամրապնդում մեզ»,- շեշտեց Սարգիս Ստեփանյանը:

Հայաստանի առաջնության առաջին մրցումային օրն արդեն գրանցվել են Հայաստանի նոր ռեկորդներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում