«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսին թույլ են տվել մասնակցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպմանը «Լոս Անջելես Կլիպերսի» դեմ, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։
Լեբրոն Ջեյմսը նոյեմբերի 29-ին կորոնավիրուսի երկու դրական թեստ էր հանձնել եւ բաց էր թողել «Սաքրամենտո Քինգզի» դեմ խաղը։ «Լեյքերսը» հաղթել էր 117։92 հաշվով։
Նույն օրը Լեբրոն Ջեյմսը վերադարձել էր Լոս Անջելես եւ պետք է 10 օր ինքնամեկուսանար, սակայն հաջորդ 3 օրում նրա հանձնած 8 թեստերի պատասխանն էլ բացասական է եղել, մարզիկն էլ չունի որեւէ ախտանիշ։
NBA-ը պաշտոնական հայտարարությամբ հերքել է Լեբրոն Ջեյմսի վարակված լինելը եւ թույլատրել է նրա մասնակցությունը կանոնավոր առաջնության հանդիպումներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում