02:11  ,  3 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակը «Արսենալի» նկատմամբ, Ռոնալդուի դուբլը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Առաջինը հաջողության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։ 13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն։ 44-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 52-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 54-րդ րոպեին «Արսենալը» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն 70-րդ րոպեին Ռոնալդուն խփեց նաեւ հաղթական գոլը՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոցը։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 801-ի։

«Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարում էր գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Քերիկը։ Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը տրիբունայից էր հետեւում խաղին։

«Արսենալը» 23 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 7-րդ տեղ՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 3։2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 44, Կրիշտիանու Ռոնալդու, 52, 70, 11մ - Էմիլ Սմիթ-Ռոու, 13, Մարտին Էդեգոր, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում