18:29  ,  1 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» 4 միլիոն եվրո կվճարի Կիկե Սետիենին

«Բարսելոնան» թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին կվճարի 4 միլիոն եվրո փոխհատուցում նրա պայմանագիրը վաղաժամ միակողմանի խզելու համար , հաղորդում է Cadena Ser-ը։

Կողմերը հասել են խաղաղ համաձայնության։ Ակումբն ընդունել է, որ Կիկե Սետիենի պաշտոնանկությունը եղել է սխալ ընթացակարգով։ Սետիենը և նրա օգնականներն իրենց պայմանագրերի խզման վերաբերյալ պաշտոնական գրություն «Բարսելոնայից» ստացել էին գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Ռոնալդ Կումանի նշանակումից 2 շաբաթ անց։

Այս համաձայնության շնորհիվ «Բարսելոնան» խուսափել է դատավարությունից։  63-ամյա մասնագետը կարող էր հավակնել 14 միլիոն եվրո փոխհատուցման։

Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2020թ. հունվարի 13-ին։ Նույն թվականի օգոստոսի 17-ին ակումբը հեռացրել էր նրան Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած 2։8 հաշվով պարտությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում