12:25  ,  30 նոյեմբերի, 2021

Ռոբերտ Լեւանդովսկի․ Շնորհավորում եմ Լեո Մեսիին

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն հարձակվողի մրցանակը ստացած Ռոբերտ Լեւանդովսկին շնորհավորել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին 7-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանանալու համար։ Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվողը երկրորդ տեղն է գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում։

«Շնորհավորում եմ Լեո Մեսիին եւ Ալեսիա Պուտելյասին, որոնք դարձան «Ոսկե գնդակի» դափնեկիրներ։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Ես արժանացա «Տարվա հարձակվող» մրցանակին։

Ոչ մի խաղացող չի կարող նվաճել հեղինակավոր անհատական մրցանակն առանց ուժեղագույն թիմի եւ նվիրված ֆանատների։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Լեւանդովսկին Թվիթերում։

Հիշեցնենք, որ Մեսին այս տարի առաջին անգամ Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր։ Լեւանդովսկին «Բավարիայի» հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն եւ 41 գոլ խփեց Բունդեսլիգայում՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում