19:55  ,  29 նոյեմբերի, 2021

Յան Նեպոմնյաշչի․ 3 ոչ ոքին վկայում է, որ գործնականում թույլ չենք տալիս սխալ

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մեկնաբանել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ համաշխարհային թագի համար մրցամարտի առաջին երեք պարտիաներում գրանցված ոչ ոքիները։

«3 պարտիայից հետո 3 ոչ ոքին վկայում է, որ գործնականում թույլ չենք տալիս սխալ։ Շախմատը դառնում է ավելի շատ ոչ ոքիների մարզաձեւ, եւ այս մակարդակում հաշվի մեջ առաջ անցնելու համար պետք է մրցակիցներից մեկի սխալը։ Հավանաբար, դա խոսում է պատրաստության բարձր մակարդակի եւ սխալի բարձր գնի մասին»,- Նեպոմնյաշչու խոսքը մեջբերում է championat.com-ը։

Դուբայում անցկացվող մրցամարտում նոյեմբերի 29-ին հանգստյան օր է, նոյեմբերի 30-ին կանցկացվի չորրորդ պարտիան։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կչանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս