18:52  ,  29 նոյեմբերի, 2021

Մոուրինյո․ Մխիթարյանը վախ էր սփռում մրցակցի վրա

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի եւ հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։ Հռոմեական թիմը հաղթել էր 1։0 հաշվով, թեեւ գնդակին տիրել էր խաղաժամանակի 32 տոկոսը։ Անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամին գոլային փոխանցումը կատարել էր Մխիթարյանը։

«Մեր հարձակվողների համար բարդ էր սկզբում։ Պետք էր սպասել Մխիթարյանի եւ Պերեսի ճնշմանը։ Սա ուժի եւ կենտրոնացման թիմային հաղթանակ է։ Դիավարան ապահովում էր բալանսը, Մխիթարյանը վախ էր սփռում մրցակցի վրա։ Պերեսն իր դիրքում չէր, բայց լավ խաղաց։ Շատ գոհ եմ։ Մխիթարյանը Պերեսի հետ փոխվում էր եզրերով։ Կարեւոր էր պաշտպանվել առանց սխալվելու։

Սա թիմային հաղթանակ է Դիավարայի հետ, որը երբեք չէր խաղացել, Պերեսի հետ, որը քիչ է խաղում, Մխիթարյանի հետ, որին «սպանում» էին թերթերը։ Սա բոլոր տղաների հաղթանակն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա» - «Տորինո» հանդիպման լավագույն խաղացող Whoscored.com-ի վարկածով։

Նա ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8․0։ Երկրորդն է Աբրահամը՝ 7․5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում