13:55  ,  29 նոյեմբերի, 2021

Ռոյ Քին․ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» չի վերադարձել պահեստայինների նստարանին նստելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Սանդերլենդի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Քինը քննադատել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Քերիկին «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (1։1) 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների թվում թողնելու համար։ Նա դուրս էր եկել փոխարինման 64-րդ րոպեին։

«Ռոնալդուն միշտ պետք է լինի մեկնարկային կազմում։ Նա այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է պահեստայինների նստարանից դուրս գա խաղադաշտ։ Հավանաբար, Ռոնալդուն այնտեղ սառցակալել էր։ Նա «Մանչեսթեր Յունայթեդ» չի վերադարձել, որպեսզի նստի պահեստայինների նստարանին։ Ռոնալդուն եզրափակիչ սուլոցից հետո անմիջապես հեռացավ խաղադաշտից։ Ես չգիտեմ, թե Քերիկն ինչու էր ցանկանում սեղմել նրա ձեռքը։ Ոչ մի ահավոր բան չկա, եթե ֆուտբոլիստը զայրացած է։

Ռոնալդուն նորմալ վիճակագրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո, կան գոլեր եւ գոլային փոխանցումներ։ Պետք է կարողանալ աշխատել սուպերաստղերի հետ։ Ես խաղացել եմ ֆուտբոլիստների հետ, որոնք չեն արել այն, ինչ նրանցից ակնկալում են։ Օրինակ՝ Կանտոնան։ Բայց դու ներում ես նրանց, քանի որ նրանք գոլեր են խփում եւ հաղթանակներ են բերում բարդ հանդիպումներում։ Ռոնալդուն պետք է լինի մեկնարկային կազմում»,- Ռոյ Քինի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

50-ամյա Ռոյ Քինը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-2005 թվականներին՝ դառնալով Անգլիայի 7-ակի չեմպիոն, քառակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Միջմայրցամաքային գավաթի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս