21:10  ,  27 նոյեմբերի, 2021

Մագնուս Կարլսենը սպիտակներով չհաղթեց Յան Նեպոմնյաշչուն

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում տեղի ունեցավ երկրորդ պարտիան։

Աշխարհի չեմպիոն, 30-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու (2782) հետ երկրորդ պարտիան անցկացրեց սպիտակ ֆիգուրներով։ Դարձյալ գրանցվեց ոչ ոքի։ Գրոսմայստերները կատարեցին 58 քայլ։

Առաջին պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կչանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Բոլոր պարտիաները Երեւանի ժամանակով 16։30-ին են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում