09:09  ,  26 նոյեմբերի, 2021

Զավեն Անդրիասյան․ Վատ ելույթներ չունեցանք, հաջողված եմ համարում տարին

Թեեւ 6-րդ տուրից հետո մեդալ նվաճելու շանսերը կորցրինք, բայց Եվրոպայի առաջնությունում այդքան էլ վատ մասնակցություն չունեցանք: Առաջին պարտությունից հետո վիճակահանությունը անհաջող գնաց թիմի համար. ամեն հաջորդ տուրում ավելի ուժեղ թիմի էինք հանդիպում եւ նորից պարտվում: Այս առաջնությունում շատ լավ հանդես եկավ Էլինա Դանիելյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:

Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում թեեւ Հայաստանի հավաքականը մեկնարկային տուրերում առաջատարի դիրքերում էր, բայց առաջնությունը 10 միավորով ավարտեց 11-րդ տեղում։

Հավաքականի գլխավոր մարզիչը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Եվրոպայի առաջնության կանանց թիմի հաջողությունների եւ անհաջողությունների, առաջատարի դիրքերից 11-րդ տեղը զբաղեցնելու, թիմի անդամների անհատական խաղերի մասին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ռուսաստանը, փոխչեմպիոնի կոչումը՝ Վրաստանը։

Զավեն, ինչպե՞ս եք գնահատում հավաքականի մասնակցությունը Եվրոպայի թիմային առաջնությունում:

Սկիզբը շատ հաջող ստացվեց: Լեհատանի ուժեղ հավաքականին երրորդ տուրում հաղթեցինք եւ արդեն երեք թիմերի հետ առաջին տեղն էինք բաժանում: Անակնկալ պարտություն կրեցինք Իտալիայի հավաքականից: Եթե չեմ սխալվում՝ ոչ մի անգամ չէինք պարտվել Իտալիային: Այդ տուրից սկսվեցին մեր անհաջողությունները. փոխանակ հաջորդ տուրում ավելի հաջող կամ հարմար մրցակցի հանդիպեինք, ընկանք շատ ուժեղ Վրաստանի հավաքականի հետ: Այդտեղ Էլինա Դանիելյանն ուներ հաղթած դրություն, բայց պարտվեց: Դրանից հետո ավելի դժվար մրցակցի հետ խաղացինք՝ Ուկրաինայի հավաքականի: Այսինքն՝ վիճակահանությունը մեր թիմի համար շատ անհաջող էր գնում ու պարտվում էինք, էլի ուժեղ թիմի էինք հանդիպում եւ նորից պարտվում: Ուկրաիանային պարտվելուց հետո մեդալի շանսերը, գրեթե, անհետացան:

Ընդհանուր՝ այդքան էլ վատ չէր մասնակցությունը: ՖԻԴԵ-ն այս տարի շախմատային շատ ծանր մրցաշարեր իրար հետեւից է անցկացնում եւ, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բավական հոգնած էին այս առաջնությունում: Չնայած այդ հոգնածությանը, Էլինան շատ լավ հանդես եկավ: Նույնը չեմ կարող ասել Աննայի մասին: Նա շատ կարեւոր խաղացող էր այս առաջնությունում: Սովորաբար, կարեւոր մրցաշարերում Աննա Սարգսյանը երրորդ կամ չորրորդ խաղատախտակի վրա շատ մեծ միավորներ է բերում թիմին: Այս անգամ նա այդ միավորները չբերեց, այդ պատճառով էլ առաջին կամ երկրորդ տեղերի համար չպայքարեցինք:

Նշեցիք, որ Էլինա Դանիելյանը շատ լավ մասնակցեց: Անհատապես վերլուծելով հավաքականի անդամների մրցելույթները՝ ու՞մ ի՞նչ գնահատական կտաք:

Էլինա Դանիելյանը շատ լավ խաղաց թիմային առաջնությունում: 8 տուրում 6 միավոր վաստակեց: Ամբողջ առաջնության առաջին խաղատախտակների մեջ 5-րդն էր, բայց միավորներով 2-րդը կամ 3-րդը, որը շատ բարձր ցուցանիշ է: Հրաշալի խաղաց, շատ լավ մարզավիճակում էր:

Լիլիթ Մկրտչյանն այդքան էլ վստահ չմեկնարկեց, բայց հետո, մրցաշարի երկրորդ կեսին, երեք կարեւոր հաղթանակ տարավ թիմի համար: Նրա մասնակցությունը բավարար էր թիմի համար:

Սուսաննա Գաբոյանն, ընդհանուր առմամբ, այդքան էլ վատ չխաղաց, միայն թե մեկ շատ կարեւոր տուրում՝ Իտալիայի հետ խաղում, շատ լավ դրության մեջ վրիպեց եւ պարտվեց: Եթե նա հաղթեր կամ ոչ ոքի աներ, մենք Իտալիային կհաղթեինք: Սուսաննայի պարտությունները մեր թիմի համար ամենակարեւոր, որոշիչ պահերին եղան:

Սիրանույշ Ղուկասյանն առաջին օրը պարտվեց, բայց այդ պարտությունը նշանակություն չուներ մեզ համար: Հետո մեկ խաղ հաղթեց, որն այդքան էական չէր, քանի որ թիմը հաղթում էր այդ տուրերում առանց այդ հաղթանակների կամ պարտության: Ոչ ոքի խաղաց Ուկրաինայի, Վրաստանի հետ: Իրենից ուժեղ խաղացողների հետ էր խաղում այս տուրերում եւ կարողացավ ոչ ոքիներով ավարտել: Սիրանույշը պարտվեց նաեւ վերջին տուրում, բայց նրա պարտությունն արդեն թիմի արդյունքների վրա չէր ազդում. այսպես ասած՝ նա ոչ խանգարեց թիմին, ոչ՝ օգնեց:

Խոսենք նաեւ հավաքականի մասին: Տարին ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ բացթողումներ, խնդիրներ կընդգծեք հավաքականում:

Ես 2018 թվականից եմ հավաքականի հետ աշխատում: Մինչ այս, բոլոր կարեւոր մրցաշարերում վերջին տուրերից առաջ միշտ մեդալներ նվաճելու լավ հնարավորություններ ենք ունեցել: Գլխավոր խնդիրն այն է, որ 2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված մեր շախմատիստների, այդ թվում ամբողջ աշխարհի համար կյանքը կանգնած էր: Այդ առումով այս տարի նրանց ժամանակ էր պետք, որ ավելի լավ մտնեին մրցաշարային ընթացքի մեջ: Սրան զուգահեռ, Եվրոպայի անհատական առաջնությունում բոլորը շատ լավ խաղացին, չեմպիոն ունեցանք: Մեր հավաքականը շատ լավ խաղաց նաեւ աշխարհի թիմային առաջնությունում: Ընդհանուր գոհ եմ այս տարվա մրցելույթներից: Վատ ելույթներ չունեցանք, հաջողված եմ համարում տարին:

Ի՞նչ մրցաշարերի կմասնակցեք մինչեւ տարեվերջ:

Տարվա վերջին մրցաշարը, որին մասնակցելու ենք, արագ եւ բլից շախմատի աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-30-ը: Մասնակցելու են Էլինա Դանիելյանը եւ Սուսաննա Սարգսյանը: Մինչ այդ, Աննա Սարգսյանը աշխարհի հավաքականի կազմում կխաղա Լեհաստանի հավաքականի դեմ, որն անցկացվելու է դեկտեմբերի 7-12-ը: Աննայի մրցաշարն ավելի շատ ընկերական խաղ է, ուղղակի փորձելու է իր անհատական գործակիցը բարելավել: Էլինան եւ Սուսաննան պետք է փորձեն հնարավորինս լավ հանդես գալ: Էլինա Դանիելյանը կարող է մեդալի համար պայքարել արագ շախմատում: Նա մեկ անգամ արդեն մոտ է եղել հաղթանակի: Արագ շախմատում Էլինան ավելի լավ է զգում իրեն եւ մեդալ նվաճելու բոլոր հնարավորություններն ունի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ