22:52  ,  11 նոյեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային՝ 0։5 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։5 հաշվով եւ զրկվեց երկրորդ տեղի եւ ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Ռումինական «Սեպսիում» հանդես եկող հարձակվող Ստեֆան Աշկովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ դանիական «Օլբորգի» հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին։

37-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը կրկնապատկեց իսպանական «Լեւանտեի» կիսապաշտպան Էնիս Բարդին։

66-րդ րոպեին Էնիս Բարդիի դեմ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Էնիս Բարդին հստակ հարվածով գրավեց Դավիթ Յուրչենկոյի («Ալաշկերտ») պաշտպանած դարպասը։

79-րդ րոպեին հյուրերի չորրորդ գոլը խփեց Սլովակիայի «Տրնավայի» հարձակվող Միլան Ռիստովսկին։

89-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը սեփական տուգանային հրապարակում գցեց Սաուդյան Արաբիայի  «Ալ Ահլիում» հանդես եկող պաշտպան Էզգիան Ալիոսկիին, եւ հիմնական ժամանակի վերջին րոպեին Բարդին ձեւակերպեց հեթ-տրիկ։

Հայաստանի հավաքականը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։

J խմբում Հյուսիսային Մակեդոնիան 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Հայաստանի թիմը մնաց չորրորդ տեղում՝ 12 միավոր։

Նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Գերմանիայի հավաքականին, որն ապահովել է առաջին տեղն ու եզրափակիչի ուղեգիրը դեռ նախորդ տուրում։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տրայկովսկի, 22, Էնիս Բարդի, 37, 66, 11մ, 90, 11մ, Միլան Ռիստովսկի, 79

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան (Ժիրայր Մարգարյան, 46), Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան (Վահան Բիչախչյան, 77), Էրիկ Վարդանյան (Արտակ Գրիգորյան, 46), Նորբերտո Բալեկյան (Իշխան Գելոյան, 73)։

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Իսլանդիա՝ 23։45

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով