14:06  ,  8 նոյեմբերի, 2021

Հովհաննես Բաչկով․ Ամեն ինչ անելու եմ, որ մի օր աշխարհի չեմպիոն դառնամ

Ուրախ եմ, որ բողոքարկումով մեր հաղթանակը հետ վերցրինք, բայց տխուր եմ, որ նորից բրոնզով եմ վերադառնում հայրենիք: Այս բրոնզներն, ասես, անիծված լինեն:

Այսպես աշխարհի առաջնությունում նվաճած իր երրորդ բրոնզե մեդալը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Նոյեմբերի 8-ին բռնցքամարտի աշխարհի եռակի բրոնզե մեդալակիրը փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի եւ Հայաստանի թիմի հետ Սերբիայից վերադարձավ հայրենիք:

«Զվարթնոց» օդանավակայանում մեդալակիներին մեծ շուքով դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ, պաշտոնյաներ:

«Այս առաջնությունը ծանր ստացվեց ինձ համար: Քառորդ եզրափակիչում, երբ հաղթանակը տվեցին մրցակցիս, ծանր տարա: Անմիջապես բողոքարկեցինք: Ներքուստ վստահ էի, որ մենամարտի արդյունքը փոխվելու է: Նախքան աշխարհի առաջնություն մեկնելը, ֆեդերացիայի նախագահի հետ պայմանավորվածություն կար, որ հնարավոր ամեն ինչ պետք է արվի՝ մենամարտերը չգողանալու համար: Այդպես էլ եղավ: Ֆեդերացիայի նախագահն ամեն հնարավորություն կարողացավ օգտագործել եւ մենամարտի արդյունքը փոխել: Այս առումով ուրախալի է, որ հաղթանակը հետ վերցրինք, բայց տխուր է այն փաստը, որ կրկին բրոնզով եմ վերադառնում հայրենիք: Չեմ սահմանափակվելու: Իմ բնավորությունը բոլորին է հայտնի արդեն. ամեն ինչ անելու եմ, որ այդ բաղձալի հաղթանակին հասնեմ եւ մի օր աշխարհի չեմպիոն դառնամ:

Դեռ հստակ չեմ կարող ասել՝ կմասնակցեմ Երեւանում 2022 թվականին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, թե՝ ոչ: Դա կախված է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իմ պայմանագրով: Եթե թույլտվությունն ունենամ պրոմոութերական ընկերությունից, կմասնակցեմ:

Նշեմ, որ այս աշխարհի առաջնությանն իմ մասնակցությունը պլանավորված չէր: Օլիմպիական խաղերից հետո որոշված էր, որ չէի մասնակցելու եւ պետք է պատրաստվեի մեկ ամիս անց կայանալիք մենամարտիս պրոֆեսիոնալ ռինգում:

Հայրս, հարազատներս համոզեցին, որ պետք է բաց չթողնեմ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունս եւ անպայման մասնակցեմ այս առաջնությանը: Այդպես որոշեցի մասնակցել եւ, թերեւս, լիարժեք մարզավիճակի չհասցրեցի գալ, ինչը զգացվեց կիսաեզրափակիչում Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ մենամարտում:

Եթե օլիմպիական չեմպիոնին հանդիպեի Տոկիոյիում, կարծում եմ, այլ ելք կունենար մեր մենամարտը, քանի որ այնտեղ իմ մարզավիճակի գագաթնակետում էի: Օլիմպիական խաղերից հետո չէի պատկերացնում, որ մասնակցելու եմ նաեւ աշխարհի առաջնությանը եւ ինձ հանգիստ էի տվել, իջել զրոյական մակարդակի: Իսկ երբ արդեն որոշեցի, որ պետք է մասնակցեմ, ուղղակի չհասցրեցի գալ մարզավիճակիս գագաթնակետին, այդ պատճառով պարտվեցի օլիմպիական չեմպիոնին, որն էլ դարձավ այս առաջնության հաղթող:

Ես այս աշխարհի առաջնությանը մասնակցում էի չեմպիոն դառնալու նպատակով: Քանի որ կար նաեւ մրցանակային ֆոնդ, նպատակս նաեւ գլխավոր մրցանակին արժանանալն էր, որովհետեւ այդ գումարի հետ կապված ծրագրեր կային: Եթե իմանայի, որ չեմ նվաճելու չեմպիոնի տիտղոսը, չէի մասնակցի: Ինչ վերաբերում է հետագա պլաններիս, Փարիզ-2024-ին, մեծ ցանկություն ունեմ շարունակել:

Ամեն ինչ կախված է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իմ պայմանագրի հետ: Կուզեմ մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղեր, աշխարհի չեմպիոն դառնալ, նաեւ պայքարել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար, բայց նախապես դեռ ոչինչ չեմ կարող ասել:

Եթե իմ պրոմոութերական ընկերությունը թույլ տա համատեղել սիրողականը պրոֆեսիոնալի հետ, ուրեմն կպայքարեմ աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումների համար: Այս բրոնզներն ասես անիծված լինեն: Բրոնզե մեդալի գումարային մրցանակը լավ նպատակին է ծառայելու, բայց դեռ չեմ կարող ասել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր լումա ունեն իմ հաջողություններում: Իմ հաջողություններում ամենամեծ լուման ունի իմ ժողովուրդը, հայ ազգը»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 12 տարի անց եզրափակիչի մասնակից ունեցավ:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում: 11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի հավաքականում էին նաեւ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում