12:35  ,  8 նոյեմբերի, 2021

Դավիթ Չալոյան․ Կարող էի նաեւ ոսկե մեդալ նվաճել, բայց փորձի պակասը խանգարեց

Կարող էի ոսկե մեդալ նվաճել, բայց փորձի պակասն ինձ խանգարեց: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Նոյեմբերի 8-ին բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի եւ Հայաստանի թիմի հետ Սերբիայից վերադարձավ հայրենիք:

«Զվարթնոց» օդանավակայանում մեդալակիներին մեծ շուքով դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ, պաշտոնյաներ:

«Շատ լավ ստացվեց աշխարհի առաջնությունն ինձ համար: Չէի սպասում, որ կկարողանամ եզրափակիչ դուրս գալ: Շատ բարդ մրցակցություն էր: Բոլոր մրցակիցներս ուժեղ էին: Ինձ համար բարդ ստացվեց եզրափակիչ մենամարտը: Այստեղ ինձ փորձի պակասը խանգարեց հաղթելու համար: Կարող էի նաեւ ոսկե մեդալ նվաճել, բայց փորձս քիչ էր:

Շատ ուրախ եմ եւ զգացված, որ ժողովուրդը եկել է մեզ դիմավորելու, հաճելի է տեսնել, որ մեր հաղթանակները ուրախացնում են մեր ազգին: Նաեւ պարտավորեցնող է»,- ասաց 24-ամյա Դավիթ Չալոյանը, որն առաջին անգամ մասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 12 տարի անց եզրափակիչի մասնակից ունեցավ: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս