10:12  ,  8 նոյեմբերի, 2021

Դավիթ Չալոյանի, Հովհաննես Բաչկովի, Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (ֆոտո, ուղիղ)

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը եւ բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Հայաստանի թիմի հետ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից վերադարձան հայրենիք:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեդալակիներին մեծ շուքով դիմավորեցին: Ժամանման սրահում մեծ թվով երկրպագուներ էին սպասում պաստառներով եւ մեծ եռագույնով:

Դիմավորողների շարքում էին Դավիթ Չալոյանի ծնողները, Հովհաննես Բաչկովի որդին, բռնցքամարտիկների հարազատներն ու ընկերներ, պաշտոնյաներ։

Եզրափակիչ մենամարտում Չալոյանը հոնքի վնասվածք էր ստացել: Նախորդ երկու օրերի ընթացքում վնասվածքն ավելի է բարդացել: Աշխարհի փոխչեմպիոնի աչքն ամբողջությամբ այտուցված էր:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Չալոյանն ասաց, որ Գյումրի վերադառնալուն պես, նախ պետք է բուժզննում անցնի եւ վնասվածքը բուժի, քանի որ Սերբիայում բժշկական հետազոտություն չի անցել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 12 տարի անց եզրափակիչի մասնակից ունեցավ:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Չալոյանը (+92 կգ), բրոնզե մեդալ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում: 11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի հավաքականում էին նաեւ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում