21:29  ,  6 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1 րոպե 20 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ:

57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ հնդիկ Սուրաբ Իգաեւի նկատմամբ:

Գոտեմարտի առաջին վայրկյաններում Խնձրցյանը նախ՝ 2 միավոր վաստակեց, եւ գլորման հնարքի գնալիս կողոսկրի վնասվածք ստացավ: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ բժշկական անձնակազմ հրավիրեց: Վայրկյաններ անց հայ ըմբիշը հարմար բնվածքով 4 անգամ գլորեց մրցակցին եւ գոտեմարտի երկրորդ րոպեն չլրացած ավարտեց պայքարը՝ նվաճելով  բրոնզե մեդալը:

Քիչ անց բրոնզե մեդալների համար գոտեմարտի դուրս կգան Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

70 կգ քաշային կարգի եզրափակիչում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի առաջատար ըմբիշ, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Վազգեն Թեւանյանը: Նրա մրցակիցը ղրղզ Էրնազար Ակմատալիեւն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում