14:22  ,  6 նոյեմբերի, 2021

Չավի․ Շնորհակալ եմ վստահության համար, կձգտեմ երջանկացնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին շնորհակալություն է հայտնել կատալոնական ակումբի վստահության համար եւ խոստացել երջանկացնել թիմի ֆուտբոլիստներին։

«Մենք կաշխատենք, կդրսեւորվենք 100 տոկոս։ Սա «Բարսելոնան» է՝ աշխարհի լավագույն ակումբը, իսկ լավագույն ակումբը պետք է հաղթի։ Պահանջներն առավելագույնն են։ Պետք է չափազանց շատ աշխատել։ Կա հստակ նպատակ՝ հաղթանակ։ Ես չափազանց դրական եմ տրամադրված։ Կձգտեմ երջանկացնել «Բարսելոնայի» խաղացողներին։

Իսկապես, երջանիկ եմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է իմ կարիերայում, ես վերադառնում եմ տուն՝ «Բարսելոնա»։ Սա անսահման երջանկություն է։ Բոլորն իրենց գործն արեցին։ Շնորհակալ եմ ակումբի վստահության համար»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ 

Չավին Բարսելոնա կվերադառնա հանգստյան օրերին, իսկ նրա շնորհանդեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կլինի երկուշաբթի։ Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։

1998-2015 թվականներին «Բարսելոնայի» գլխավոր թիմի հետ Չավին անցկացրել է 767 հանդիպում (հետ է միայն Մեսիից՝ 778) նվաճել է 25 տիտղոս։

Իսպանիայի առաջնություն․ 8 (1998/99, 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15)

Չեմպիոնների լիգա․ 4 (2005/06, 2008/09, 2010/11, 2014/15)

Իսպանիայի Գավաթ․  3 (2008/09, 2011/12, 2014/15)

Աշխարհի ակումբային առաջնություն․ 2 (2009/10, 2011/12)

Եվրոպայի Սուպերգավաթ 2 (2009/10, 2011/12)

Իսպանիայի Սուպերգավաթ․ 6 (2005/06, 2006/07, 2009/10, 2010/11, 2011/12, 2013/14)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս