01:45  ,  6 նոյեմբերի, 2021

Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից․ Հավասար մենամարտ էր, մրցակիցը ուժեղ չէր Չալոյանից

Շնորհավորում եմ բոլորիս, սա մեծ հաջողություն էր բոլորիս համար: Դավիթ Չալոյանը հրաշալի առաջնություն անցկացրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 24-ամյա գյումրեցի Դավիթ Չալոյանը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը ամենահեղինակավոր քաշային կարգում (+92 կգ):

Եզրափակիչում Չալոյանը ծանր մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկուն:

«Շնորհավորում եմ բոլորիս: Սա մեծ հաջողություն էր բոլորիս համար: Դավիթ Չալոյանից շատ գոհ եմ: Ունեինք չեմպիոն դառնալու հնարավորություն, բայց եզրափակիչ մենամարտում որոշ հանգամանքներ խանգարեցին: Հավասար մենամարտ էր, մրցակիցը ուժեղ չէր նրանից, բայց լարված պայքար էր. ամեն դեպքում աշխարհի առաջնության եզրափակիչ էր: Դավիթին հոնքի վնասվածքը խանգարեց, ձեռքը ցավեցրեց: Երեկվա ծանր մենամարտից հետո չէր հասցրել լիարժեք վերականգնվել. կամքի հաշվին մինչեւ վերջ պայքարեց: Հալալ է իրեն:

Մեր տղան շատ լավ աշխատեց այս առաջնությունում: Հրաշալի մենամարտեր անցկացրեց: Շատ ծանր 4 մենամարտ արեց եւ լիարժեք արդարացրեց իրեն: Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը մեծ նվաճում է մեզ համար, այսօրվա դրությամբ շատ լավ արդյունք է»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Դավիթ Չալոյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրիում: Բռնցքամարտում առաջին քայլերն արել է 15 տարեկանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ