22:38  ,  4 նոյեմբերի, 2021

ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտվեց օլիմպիական չեմպիոնին (ֆոտո, վիդեո)

Հովհաննես Բաչկովը չկարողացավ հաղթահարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի արգելքը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:

63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտեց կրկնակի աշխարհի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ եւ ծանր մենամարտում պարտվեց 0։5 հաշվով՝ բավարարվելով բրոնզե մեդալով:

Բռնցքամարտիկները ռինգում հանդիպում էին երկրորդ անգամ: Նախորդ անգամ 2017 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր կուբացի բռնցքամարտիկը

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում մրցավարների որոշմամբ գյումրեցի բռնցքամարտիկը 2:3 հաշվով պարտվել էր թաիլանդի Սոմչայ Վոնգսուվանին, բայց հայկական կողմի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է նրան:

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:

Ավելի վաղ կիսաեզրափակիչում փառահեղ հաղթանակ էր տարել +92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը՝ ապահովելով առնվազն աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ