21:40  ,  4 նոյեմբերի, 2021

Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից․ Չալոյանն աճում է մենամարտից մենամարտ այս ԱԱ-ում

Մտածում էի՝ Չալոյանը հոգեբանական առումով կլարվի ադրբեջանցու հետ մենամարտում, քանի որ ամբողջ Հայաստանն է սպասելու այս հաղթանակին, բայց նա շատ սառնասիրտ մենամարտ անցկացրեց: Ուրախ եմ նրա այս հաղթանակի համար: Շնորհավորում եմ բոլորիս:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից Դավիթ Չալոյանի՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում տարած փառահեղ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ մեկնաբանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Շատ ուրախ եմ Դավիթ Չալոյանի հաղթանակի համար: Շատ կարեւոր մենամարտ էր բոլորիս համար: Գերլարված անցավ: Նախքան ռինգ դուրս գալը Չալոյանին ասել էի․ «Մոռանում ես, թե ով է մրցակիցը, ինչ ազգության է, նա քո մրցակիցն է մյուսների պես»:

Իր առջեւ դրված խնդիրը կատարեց 90 տոկոսով, մրցավարները միաձայն բոլոր ռաունդներում հաղթանակները տվեցին նրան: Այս պահին ավել ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ Դավիթ Չալոյանն աճում է մենամարտից մենամարտ այս առաջնությունում:

Իրականում, մինչեւ կիսաերզափակիչ ավելի ուժեղ մրցակիցների հաղթեց Չալոյանը: Սպասենք եզրափակիչին:

Նախորդ անգամ աշխարհի փոխչեմպիոն Հայաստանն ունեցել էր 2009 թվականի աշխարհի առաջնությունում. Անդրանիկ Հակոբյանը: Չալոյանից սպասելիքներ ունենք նաեւ եզրափակիչում»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 24-ամյա Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակով ապահովեց առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը։

+92 կգ քաշային կարգում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց  երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին:

Բելգրադում մեկնարկել է 11-րդ մրցումային օրվա երեկոյանը մրցահերթը: Քիչ անց ռինգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ավագ 28-ամյա Հովհաննես Բաչկովը (63,5 կգ):

Եզրափակիչի ուղեգիրը Հայաստանի հավաքականի ավագը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի աշխարհի չեմպիոն կուբացի Էնդի Գոմես Կրուզի հետ:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով