22:57  ,  1 նոյեմբերի, 2021

ԱԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Բելգրադում անցկացվոող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի ավագը 63.5 կգ քաշայինների  1/8-րդ եզրափակիչում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3:2  հաշվով:

Առաջին ռաունդը Հովհաննես Բաչկովի համար լարված ստացվեց: Մրցակիցը պարբերաբար ձեռքերով փակում էր Բաչկովի գրոհներն, ինչին ռինգի մրցավարը չէր արձագանքում: Լարված պայքարում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հայաստանի ներկայացուցիչին:

Երկրորդ ռաունդում Բաչկովն ավելացրեց ճնշումը եւ հարվաշածարերով մրցակցին հակագրոհի հնարավորություն չէր տալիս: Երկրորդ ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հովհաննես Բաչկովին:

Երրորդ ռաունդում իտալացի բռնցքամարտիկը գրեթե միայն պաշտպանվում էր եւ հնարավորինս խուսափում Բաչկովի հետ մերձամարտի գնալուց:

Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանը, որը 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմոնովին: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 2-ին։

28-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում