21:58  ,  1 նոյեմբերի, 2021

Վալոդյա Ֆրանգուլյանը՝ MMA-ում երրորդ հաղթանակի մասին․ Շատ ուժեղ էր մրցակիցս եւ շատ ուրախ եմ, որ հաջողվեց հաղթել նրան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը հերթական հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA):   

Հոկտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում տեղի ունեցած Light out Xtreme Fighting պրոմոութերական ընկերության կազմակերպած LXF 6 մրցաշարում Ֆրանգուլյանը մեծ առավելությամբ հաղթել է ԱՄՆ ներկայացնող 25-ամյա Ջոնի Ռոբլեսին (8-4-0):

«Բարդ մենամարտ ստացվեց, մրցակիցս ուժեղ էր: Երկուսս էլ պայքարեցինք մինչեւ վերջ: Երեք ռաունդներում մրցավարերը հաղթանակն ինձ շնորհեցին: Շատ էի ուզում ժամանակից շուտ ավարտել մենամարտը, բայց Ռոբլեսը չէր ցանկանում հանձնվել: Իսկապես շատ ուժեղ էր մրցակիցս եւ շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթել նրան:

Շատ կարեւոր էր ինձ համար այս հաղթանակը, ավելի մեծ փորձ ձեռք բերեցի: Մրցաշարը նախորդ մրցաշարերից բարդ էր: Խառը մենամարտերում պաշտոնապես երրորդ հաղթանակը տարա՝ 3-0-0: Նախորդ մենամարտս ջիու-ջիցու էր, որտեղ եւս հաղթել էի: Յուրաքանչյուր հաղթանակ ինձ մեծ մոտիվացիա եւ փորձ է տալիս հետագա մենամարտերիս համար»,-  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց MMA տեղափոխված Վալոդյա Ֆրանգուլյանը:

Հոկտեմբերի 30-ի LXF 6 մրցաշարին պետք է մասնակցեր նաեւ խառը մենամարտերում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ին հայտնեց, որ մենամարտը տեղի չի ունենալու, հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր։

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանն ու Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Վալոդյա Ֆրանգուլյանը MMA-ում նորամուտը նշել էր հուլիսի 25-ին, Մաքսիմ Մանուկյանն՝ օգոստոսի 7-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս