17:01  ,  1 նոյեմբերի, 2021

ԱԱ. Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակիչում (ֆոտո, ուղիղ եթեր)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 11 բռնցքամարտիկով մասնակցող Հայաստանի թիմի 8-րդ ներկայացուցիչը լքեց պայքարը:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում մրցեց կուբացի Օվսել Գարիսա Կաբալերոյի հետ եւ  պարտվեց 0:5 հաշվով:

Հիշեցնենք, որ 1/32 երզափակիչում Բազեյանի մրցակից Ջան Ռիվերա Պիզառոն չէր ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցիչին: 1/16 եզրափակիչում եւս Բազեյանի մրցակից, չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենին առողջական խնդիրների պատճառով չներկայացավ մենամարտին:

8-րդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանն (51 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ):

51 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն  Արթուր Հովհաննիսյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոյի հետ:

Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը երկրորդ մենամարտը կանցկացնի աշխարհի առաջնությունում: 1/8-րդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի ավագը կհանդիպի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգային:

28-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից պայքարի մեջ մնացին Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Պայքարից դուրս են մնացել նաեւ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում