16:24  ,  28 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Չորրորդ օրը Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

+92 կգ քաշայինների 1/32 երզափակիչում ռինգ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը: Մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագան է: Մենամարտը տեղի կունենա Երեւանի ժամանակով 17:00-ին A ռինգում: 

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնությունում երկրորդ մենամարտը կանցկացնի 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը:

Հիշեցնենք, որ Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովենիայի ներկայացուցիչ Ալջազի Սիրցելիի նկատմամբ:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) սպասում է իր մրցակից չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենին: Նախնական տեղեկություններով, Պո-Յի Չենը չի ներկայանալու մենամարտին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի փոխանցմամբ, չնայած դեռ պաշտոնապես հայտարարված չէ, բայց ըստ նրա տեղեկությունների, Բազեյանի երկրորդ մրցակիցը առոջղական խնդիրների պատճառով չի ներկայանալու մենամարտին:

Հիշեցնենք, որ 1/32 երզափակիչում Բազեյանի մրցակից Ջան Ռիվերա Պիզառոն եւս չէր ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցիչին:

Եթե Բազեյանի երկրորդ մրցակիցն էլ չներկայանա մենամարտին, Հայաստանի ներկայացուցիչն առանց պայքարի դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում