18:09  ,  27 հոկտեմբերի, 2021

Տիգրան Բարսեղյանը որակազրկվեց 1 ամսով, Անդրեյ Տիխոնովը՝ 2 տարով

Ղազախական «Աստանայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Ղազախստանում որակազրկվել է մեկ ամսով (հոկտեմբերի 25-ից)։ Որոշումն ընդունել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՂՖՖ) կարգապահական կոմիտեն։ Պատճառը Տիգրան Բարսեղյանի անհարիր վարքն է «Կայրաթ» - «Աստանա» հանդիպման ժամանակ։ Հայ ֆուտբոլիստը վիրավորական ժեստ է արել երկրպագուների հասցեին, հաղորդում է ՂՖՖ-ի կայքը։

«Աստանայի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը նույն հանդիպման ժամանակ արդար խաղի սկզբունքները խախտելու, թիմի ոչ կարգապահ վարքի, առանց պաշտոնյաների թույլտվության թիմը խաղադաշտից դուրս բերելու, մրցակցի, խաղի կազմակերպիչների եւ պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատժվել է 2 տարվա որակազրկմամբ։

Պատիժները վերաբերում են Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մրցաշարերին։

Հիշեցնենք, որ «Կայրաթ» - «Աստանա» հանդիպման ժամանակ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ խախտումից հետո դեղին քարտով մրցակցին չզգուշացնելու համար Անդրեյ Տիխոնովը որոշ ժամանակով թիմին դուրս էր բերել խաղադաշտից, սակայն հետագայում վերադարձել էր եւ շարունակել խաղը։ «Աստանան» պարտվել էր 0։1 հաշվով եւ նահանջել երկրորդ տեղ՝ 56 միավոր։ Առաջատարը «Տոբոլն» է՝ 58 միավոր։ Ղազախստանի առաջնության ավարտին մնացել է 1 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում