18:45  ,  26 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանի տպավորիչ հաղթանակը՝ 5:0 (ֆոտո)

Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը տպավորիչ հաղթանակով է մեկնարկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ եւ հաղթանակ տարավ 5:0 հաշվով (30:25, 30:27, 30:25, 29:28, 30:25):

Բոլոր երեք ռաունդներում Արթուր Հովհաննիսյանը մեծ ակտիվությամբ մենամարտեց: Հարվածաշարերով մրցակցին հակահարվածների հնարավորություն գրեթե թույլ չէր տալիս: Մի քանի դրվագներում Արգիշտի Տերտերյանի հարվածները տեղ հասան, բայց, երեք ռաունդներում էլ կողային մրցավարները առավելությունը Արթուր Հովհաննիսյանին էին տալիս:

1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլլ Ռոսկոն:

Հայտնի է նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63.5 կգ) մրցակիցը: 1/16 եզրափակիչում գյումրեցի ըմբիշի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովը, որը 1/32 եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Դոնիս Ռեյեսին: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանը կունենա եւս մեկ ներկայացուցիչ: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը (92 կգ):

1/32 եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայի ներկակացուցիչ Ազիզ Աբբես  Մոուհիդայն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս