15:53  ,  26 հոկտեմբերի, 2021

Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար

Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար: Հավատում եմ նրանց ուժերին եւ մեծահասակների ռինգում պայքարելու կարողությանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը:

Հավաքականի ավագ մարզիչը, Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ Հենրիկ Ճղիկյանը, Հենրի Սահակյանն ու փոխչեմպիոն Էլիդա Քոչարյանն ամփոփել են Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հիշեցնենք, որ  Հայաստանը 2 ոսկե,  2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում, իսկ թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:

Չեմպիոններ են դարձել Հենրի Սահակյանը (51 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Էլիդա Քոչարյանը (60 կգ ) Մանվել Պետրոսյանը (57 կգ), բրոնզե մեդալակիր՝ Էրիկ Իսրայելյանը (60 կգ)։

Վազգեն Բադալյան (ավագ մարզիչ)

«Բռնցքամարտիկներից եւ նրանց արդյունքներից շատ գոհ եմ: Կարող էինք ավելին: Առնվազն 8 մեդալ կարող էինք նվաճել, բայց ստացվեց 5-ը: Մեր ամենամեծ հույսերից մեկը երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Փափազյանն էր: Նրանից բոլորն էին վախենում. աշխարհի մեդալակիր, փորձառու բռնցքամարտիկ: Բոլորս զարմացած էինք, թե նրա հետ ինչ կատարվեց Բուդվայի ռինգում: Դժգոհ ենք նրանից:

Մեր հավաքականի առաջին հաջողությունն այն էր, որ բոլորը առաջին օրվա մենամարտից մինչեւ վերջին կռվել են: Փափազյանը չպակքարեց մինչեւ վերջ, բայց նրա մեդալը, գրեթե, մեր գրպանում էր: Մյուս բոլոր բռնցքամարտիկներից գոհ ենք, բոլորը կռիվ են տվել:

Նրանցից յուրաքանչյուրը դառնալու է բռնցքամարտիկ ու լինելու է մեծահասակների հավաքականում: Մրցավայրում նաեւ միասնական աշխատանքի արդյունքում ունեցանք այս հաջողությունները:

Ունեինք  քառորդ եզրափակիչի 8 մասնակից եւ բոլորն էլ կարող էին մեդալներ նվաճել: Շատ դժվար պայքար էր գնում. մեկնարկայիններն ու եզրափակիչները միմյանցից չէին տարբերվում: Ուրախ եմ Հենրի Սահակյանի հաղթանակի համար: Մինչեւ եզրափակիչ հաղթեց թուրքին, ապա շրջանցեց ռուսին եւ ծածանեց Հայաստանի դրոշ: Սա Հենրի Սահակյանի առաջին լուրջ հաղթանակն էր ու միանգամից ոսկի: Մինչ այս նրան չէր հաջողվել լուրջ հաջողություն ունենալ բռնցքամարտում: Հիացած եմ Հենրիի, ինչպես նաեւ թիմի մյուս անդամների կարգապահությամբ, մարդ տեսակներով, մարզիչներին լսելու ունակությամբ:

Ամենատպավորիչ եզրափակիչը Հենրիկ Ճղրիկյանի չեմպիոնական մենամարտն էր: Նա փայլուն մենամարտեր անցկացրեց մինչեւ եզրափակիչ: Եզրափակիչում ուղղակի փայլեց, լավ դաս տվեց չեխ բռնցքամարտիկին:

Էլիդա Քոչարյանը մեր հավաքականի հրաշքն է, տղաների խնդիրները լուծողը, մեր ուրախությունը: Էլիդան բավարարվեց արծաթե մեդալով: Մինչեւ կիսաեզրափակիչ փայլուն մենամարտեր անցկացրեց: Երզափակիչում, անկեղծ կլինենք, մրցակիցը նրանից ուժեղ էր:

Վստահ կարող ենք ասել, որ հայկական բռնցքամարտում լավ ապագա կա: Այս բռնցքամարտիկները լավ հիմք են սերնդափոխության համար: Բոլորը շատ աշխատասեր են, նպատակասլաց, լավ տեխնիկա ունեն: Նրանք նաեւ ունեն շատ լավ մարդկային որակներ: Այս երեխաները պատրաստ են ցանկացած ծանրաբեռնվածություն տանել: Նրանք կարող են պայքարել Փարիզ-2024-ի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար»,- մանրամասնեց Վազգեն Բադալյանը:

Հենրիկ Սահակյան. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

«Ուրախ եմ այս հաղթանակի համար: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ հաղթել եմ: Երբ նայում եմ մեդալին, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել:  Բարդ տրվեց: Առաջին մենամարտս հունգարացու հետ էր: Բարդ էր: Երեք անգամ նոկաուտի ենթարկեցի նրան ու հաղթեցի: Երկրորդ մրցակիցս Թուրքիայի ներկայացուցիչ էր: Այս մենամարտն էլ հեշտ չէր: Ոչ մի մենամարտ հեշտ չի եղել: Յուրաքանչյուրի մեջ կյանք եմ դրել, ատամներով պայքարել ոսկե մեդալի համար: Երրորդ մրցակիցս մոլդովացի բռնցքամարտիկն էր: Սա ամենաբարդն էր: Վնասվածք ունեի, բայց կարողացա հաղթել նաեւ մոլդովացուն: Եզրափակիչում հասկացա, որ պարտվելու իրավունք չունեմ, որ ոսկե մեդալից մեկ քայլ է ինձ բաժանում եւ չեմ կարող հետ կանգնել իմ երազանքից: Հաղթեցի ու իրականացրեցի երազանքս:

Նպատակս 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Կանեմ ամեն ինչ, որ կարողանամ հասնել նպատակիս»,- ասաց Հենրիկ Սահակյանը:

Հենրիկ Ճղրիկյան. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

«Եվրոպայի առաջնությունում պայքարս սկսեցի շատ բարդ մենամարտով: Մրցակիցս Իտալիայի ներկայացուցիչն էր: Շատ լարված ու բարդ մենամարտ ստացվեց, երեւի՝ ամենաբարդը այս առաջնությունում, քանի որ հաղթելու դեպքում ապահովում էի բրոնզե մեդալ: Ես եւ իտալացի բռնցքամարտիկը հասկանում էինք, որ շատ կարեւոր մենամարտ է եւ ամեն ինչ անում էինք հաղթելու համար:

Երեւի ես մի փոքր ավելի լավ էի պատրաստ, մի փոքր շատ արեցի եւ հաղթեցի: Հաջորդ մենամարտում 3:2 հաշվով հաղթեցի Բելառուսի ներկայացուցիչին: Այստեղ ավելի հանգիստ էի ու վստահ: Եզրափակիչում չեխ բռնցքամարտիկի հետ առավել հանգիստ էի: Նույնիսկ Հայաստանի առաջնություններում երբեք այդքան հանգիստ, լավ տրամադրված մենամարտեր չեմ անցկացրել, ինչպես Եվրոպայի եզրափակիչում: Բարդ ճանապարհով եմ հասել Եվրոպայի չեմպիոնի կոչմանը՝ շատ մարզումներ, մեծ աշխատանք»,- նշեց Հենրիկ Ճղրիկյանը:

Էլիդա Քոչարյան. Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն

«Նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ էի նվաճել: Այս տարի ցանկությունս շատ մեծ էր, որ ոսկե մեդալով վերադառնայի: Եզրափակիչում չստացվեց, մի քիչ խնդիրներ կային: Մրցակիս ուժեղ էր: Այս տարի գրավեցի երկրորդ տեղը: Մեկ քայլ բարձր եմ, շատ գոհ եմ: Պետք է շարունակեմ ավելին անել, ոսկե մեդալի համար պայքարել: Ապագայում ամեն ինչ անելու եմ, որ բարձր արդյունքներ գրանցեմ բռնցքամարտում: Մեր մարզիչները միշտ մեր կողքին են եղել, ուսումնասիրել ենք մեր մենամարտերը, հասկացել սխալները:

Մեծ ցանկություն ունեմ պայքարել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար եւ լավ արդյունքով մասնակցել»,- շեշտեց Էլիդա Քոչարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում