11:54  ,  26 հոկտեմբերի, 2021

Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով

Մեկ տարի առաջ կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հայտարարել է, որ լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է բժիշկների եւ ընտանիքի սխալ որոշումների հետեւանքով։

«Բժիշկները բազմաթիվ սխալներ են թույլ տվել Մարադոնայի բուժման մեջ։ Նա մահացել է, քանի որ նրա սիրտը պայթել է։ Հետագայում պարզ դարձավ, որ նրա մահը վրա է հասել մարմնում կուտակված ջրի հետեւանքով։

Խելահեղություն էր ընտանիքի որոշումը Մարադոնայի բուժումը կազմակերպել տնային պայմաններում։ Անհրաժեշտ էր, որ նա մնար հիվանդանոցում»,- Մորլայի խոսքը մեջբերում է FOX Sports-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան 2020թ. նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում